Մատչելիության հղումներ

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժություններ


ՀԱՊԿ զորավարժություն Տաջիկստանում, հոկտեմբեր, 2021թ.

Ղազախստանի հարավ-արևելքում՝ Ջամբիլի և Ալմաթիի մարզերում այսօր մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման ուժերի «Փոխգործողություն - 2022», «Որոնում - 2022», «Էշելոն - 2022» խորագրերով զորավարժությունները, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում «մշակվելու են պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և բազմակողմանի ապահովման հարցերը»:

Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբը հաղորդել էր, որ «Փոխգործողություն - 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է «հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Որոնում - 2022» զորավարժության ընթացքում պետք է մշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների և ուժերի կողմից հետախուզության կազմակերպումը և իրականացումը, իսկ «Էշելոն - 2022»-ը ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մշակմանը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

XS
SM
MD
LG