Մատչելիության հղումներ

«Ոչ քնած եմ, ոչ արթուն, ոչ մեռած եմ, ոչ սաղ, բա կարելի՞ ա»


Սոտքի բնակիչ Գրետա Մելքումյանը իր արդեն նախկին ննջասենյակում։
Սոտքի բնակիչ Գրետա Մելքումյանը իր արդեն նախկին ննջասենյակում։

82- ամյա Գրետա Մելքումյանը սեփական տան ավերակների մեջ նստած չի մոռանա այն սև գիշերը, երբ ադրբեջանական արկերն սկսեցին թափվել Սոթքի տների վրա։

8 օր առաջ էր, ինքը քնած էր փափուկ անկողնում. - «Հարսս եկավ՝ մամ, հելի, գնում ենք։ Ասի՝ որտե՞ղ ենք գնում, ժամի քանի՞սն ա։ Մամ տասներկուսն ա, թուրքերը վրա են տվել...»

Այս տանը որդու, հարսի հետ է ապրում։ Մի կերպ տնից դուրս են եկել, փորձել են պատսպարվել տնից քիչ հեռու՝ բետոնե մի պատի տակ. - «Տենամ մի ծուխ ա քինում, պարավոզը որ գնում ա, էդ ձևի ծուխ ա քինում... մի դմփաց, մի կտրատվում ա... ընկել ա մեր տուն»։

Հեռվից են տեսել, թե ինչպես է ռումբը հենց իրենց տան վրա է ընկնում, որդին որոշել է ՝ ճանապարհին վտանգը որքան էլ մեծ լինի, պիտի հեռանան։ Արկակոծվող ճանապարհով հասել են Վարդենիս։ Սոթքի տունը կիսաքանդ է, ներսում ամեն ինչ ավերվել է։ Գրետա տատիկն ասում է խնամված տուն էր, հյուրերի բաժին անկողինն է ցույց տալիս մրի ու հողի մեջ։


Ռմբակոծությունից մի քանի ժամ առաջ հարսը տաք սիրուն հաց էր թխել, ջեռոցում էր, հիմա սև քարի կտոր է դարձել ծխից։ Գրետա բաբոյի տեղ գնալու շորերը խնամքով կախված՝ վրան հողի հաստ շերտ։ Ընտանիքում սպասում են ՝ երբ հնարավոր կլինի վերադառնալ ու ապրել այս տանը, Սոթքում։ Իսկ հիմա երեքով գիշերում են մեքենայում։ Խորհրդային «Ժիգուլի» է, շատ հարմարավետ չէ։ Որդին՝ Վալերի Պողոսյանը առջևի նստատեղին է քնում՝ նստած, կողքին կինը, հետևում տատիկը։

«Ո'չ քնած եմ, ո'չ արթուն եմ, ո'չ մեռած եմ, ոչ սաղ եմ... կարելի ա՞ բա», - ասում է նա։ - «Փաշինյանը չի մտածում էսքանի մասին։ Էսօր տաք ա, քյում ենք մեքենայումը քնում, բա որ էգուց բուք ու բորանը վեր կացավ, ի՞նչ տենք անիլ»։

Որդին ասում է, որ մարզպետարանից եկել, տան վնասներն են նայել, հետագայում փոխհատուցման համար։ Նաև իրենց ժամանակավոր կացարան են առաջարկել, բայց ոչ թե Վարդենիսի, այլ Մարտունու տարածաշրջանում։ Մերժել են, քանի որ ամեն օր ննջարան-ժիգուլիով Սոթք են գալիս, երեկոյան հետ գնում, Վարդենիսում կայանում, քնում..

Ընտանիքը 90-ականներից առաջ, մինչև Սոթք տեղափոխվելը Ադրբեջանի Խանլար քաղաքում է ապրել։ Հայ-ադրբեջանական հակամարտությունն է նրանց անընդհատ այս ու այն կողմ տեղահանում։ «Ի՞նչ են ուզում ադրբեջանցիները, մեր չապրելն են ուզում», - ասում է Վալերի Պողոսյանը։ - «Եթե մեծերը չըլնեն՝ էդ էլիտեն, նրանց բանվորն էլ ա բանվոր։ Մարդ պըտի ճիշտը ասի։ Մենք իրանց հետ ապրել ենք, ես իրանց հետ բանակում Սովետի ծառայել եմ»։

Խաղաղություն, ասում է, հնարավոր է, եթե երկու երկրների ժողովուրդներին հանգիստ թողնեն բոլորը՝ երկու երկրների իշխանություններն էլ, աշխարհի գերտերություններն էլ։

Մութն ընկնելուց առաջ նստելու են «Ժիգուլին» ու հեռանան գյուղից։ Բակում տան ռմբակոծությունից տուժած շունն է՝ բաց վերքով։ Դեղեր են քսել, լավանալու է։ Խաղաղություն մի օր լինելո՞ւ է։ Գրետա տատիկը չգիտի. - «Ես չգիտեմ։ Դե որ էդքանը ես գիտեի, խի՞ ա անբախտը...»

XS
SM
MD
LG