Մատչելիության հղումներ

Հանդիսատեսը ջերմ ընդունելության է արժանացրել Պարոնյանի թատրոնի «Քաջ Նազար» ներկայացումը


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյան

Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի ժամանակակից, նորարարական լուծումներով պրեմիերան, որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։

Ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում։ Քաջ Նազարի դերում Իշխան Ղարիբյանն է, Ուստիանի կերպարը մարմնավորել է Սոնա Մուրադյանը։

«Ազատության» հետ զրույցում բեմադրության հեղինակ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, ի պատասխան հարցին, թե ինչու վճռեց կրկին անդրադառնալ «Քաջ Նազար»-ին պիեսին, երբ այն արդեն բեմադրել էր Գյումրիիում, ապա նաև այստեղ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, պատասխանեց. - «Ես ընդհանրապես ապշում եմ Դերենիկ Դեմիրճյանի դառը, շատ սուր, խոցելի հումորի վրա։ Ես կարծում եմ, որ Դեմիրճյանի մյուս պիեսներն էլ բոլոր ժամանակների համար արդիական են։ Էականը գաղափարն է։ Շատերը կարծում եմ, որ կոնկրետ մարդկանց մասին ենք անում, կոնկրետ գործիչների մասին ենք անում, էսպես տարածվում է։ Բայց ես երբեք իմ կյանքում կոնկրետ մարդկանց մասին բեմադրություն չեմ արել, քաղաքական գործիչների։ Եվ ընդհանրապես, ով փորձում է էդպես անել, ծուղակ է գնում, որովհետև դա արդեն պլակատ է դառնում, դա արդեն արվեստի գործ չի կարող լինել։ Ընդհակառակը, պետք է երևույթը բացահայտել, հարկավոր է բացահայտել, թե ինչպես է լինում, որ քաջ նազարներ են ծնվում։ Քաջ նազար պարտադիր չի մենք մեկ մարդու նկատի ունենանք, քաջ նազարների բանակ է հայտնվում մեր շուրջը։ Մտնում ես պետական հիմնարկություններ, որ դուռը բացում ես, էնտեղ մի Քաջ Նազար նստած է, պոտենցիալ Քաջ Նազար։

Հակոբ Ղազանչյանի համոզմամբ, բոլորովին էլ պատահական չէ, որ հայ ժողովուրդն իր հեքիաթներում ու բանավոր զրույցներում ծնել է Քաջ Նազարի կերպարը, որին անդրադարձել են մեծն Թումանյանը, նաև Դերենիկ Դեմիրճյանը։ Հենց նրա պիեսում էլ հստակ ներկայացված է նաև մեկ այլ գլխավոր հերոս. - «Մենք հաճախ «Քաջ Նազարը» վերլուծելիս մոռանում ենք մյուս գլխավոր կերպարը, ամենակարևոր կերպարը։ Դա ժողովրդի կերպարն է, դա այն շրջապատն է, այն աուրան է, որը ամեն ինչ անում է, պատրաստ է ուզած պահի, ուզած ժամանակահատվածում ստեղծելու էդ Քաջ Նազարին։ Երբ որ ուշադիր կարդում ես Դեմիրճյանի դիալոգները, ապշում ես։ Կա տեքստ, որ կարելի է բեմադրել, ասել լավ, «Քաջ Նազարն» է, հեքիաթ է, հեքիաթի պես բեմադրել։ Բայց երբ որ սկսում ես լուրջ ասել էդ տեքստը, արդեն լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Եվ իհարկե, բոլոր ժամանակներում էդ գործը արդիական կլինի, որովհետև, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեր ժողովուրդը, ցավոք սրտի, պատմությունից դասեր քաղելու ունակություն չունի։ Եվ մեր հիշողությունը, պարզվեց, շատ կարճ է։ Էդ առումով շատ ու շատ հարցերի պատասխաններ «Քաջ Նազար» պիեսը տալիս է»։

Թատրոնը «Քաջ Նազարի» պրեմիերայով սկսեց իր նոր թատերաշրջանը, որտեղ առաջիկայում տեղ են գտնելու նաև այլ պրեմիերաներ. - «Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Երազների աշխարհում» պիեսի բեմադրությունն է։ Դա երաժշտական, շատ հաճելի դիտվող իմ կարծիքով։ Կոլեկտիվը շատ ծանրաբեռնված աշխատեց, լավ աշխատեց, արդյունավետ աշխատեց։ Այս երկու ներկայացումն էլ, ըստ էության, արձակուրդ մեկնելուց առաջ մենք երկուսն էլ ավարտեցինք։ Մենք մեր երաժշտական հատվածի հետ արեցինք էս տարի «Կոշկավոր կատու» մյուզիքլը, մեծ հաջողությամբ այն բեմադրեց Սամսոն Մովսիսյանը։ Եվ մենք Սամսոնին հրավիրեցինք երկրորդ գործն անելու երաժշտական հատվածի հետ։ Եվ արդեն մենք սկսել ենք աշխատել և եկող տարի գարնանը, կարծում եմ, մենք հանդիսատեսի դատին կհանձնենք «Վեսթսայդյան պատմությունը»։ Հրաշալի երգողներ ունենք, հրաշալի օրկեստր ունենք, հրաշալի երգչախումբ ունենք, շատ ինքնատիպ աշխատանք կստացվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG