Մատչելիության հղումներ

ՊՆ. Ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն անփոփոխ է


Սեպտեմբերի 17-ի ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած օրերին:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135, ադրբեջանական կողմը՝ 77 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG