Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Ելիսեյան պալատի փոխանցմամբ էլ՝ Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը «վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում և այս գիշեր:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
XS
SM
MD
LG