Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ընտրի իր առաջնահերթությունները, հակառակ պարագայում իր փոխարեն կընտրեն․ Քոչինյան


Եթե բանը հասնի նրան, որ Հայաստանը պետք է ընտրի իր առաջնահերթությունների մեջ, պետք է ի վիճակի լինի անելու դա, հակառակ պարագայում իր փոխարեն կընտրեն՝ առաջնորդվելով ոչ թե Հայաստանի, այլ իրենց սեփական շահերով, վստահ է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

Ամենավտանգավորն, ըստ քաղաքագետի, որևէ տարբերակ չընտրել է՝ շեշտելով՝ դա, վստահաբար, ամենամեծ կորստին է տանելու։

Ընդգծելով, որ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի՝ Քոչինյանը նկատեց՝ ցանկացած զիջում, որ հնարավոր էր երեկ, հնարավոր չէ այլևս այսօր, այդ զիջման գինը մեծանում է և ավելի է մեծանալու վաղը։ Քաղաքագետը նաև ընդգծեց՝ խաղաղությունը հնարավոր կապել ռուսական ծրագրի հետ, ինքնախաբեություն է։

Քոչինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Քոչինյան․ - Ինձ համար թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է և տարածքային ամբողջականությունը։ Եթե բանը հասնի նրան, որ մենք պետք է ընտրենք մեր առաջնահերթությունների մեջ, մենք պետք է ի վիճակի լինենք անելու այդ ընտրությունը, որովհետև, եթե մենք չանենք այդ ընտրությունը, այդ ընտրությունը կանեն մեր փոխարեն ու բնավ հայտնի չի, թե ինչը կդնեն առաջինը, ինչը վերջինը։

«Ազատություն»․ - Պարզապես դրա գինը կարող է Արցախը լինել։

Քոչինյան․ - Այո՛, կարող է, բայց քաղաքական տհասություն ցուցաբերելու և չընտրելու դեպքում, մեր փոխարեն ընտրող լինելու է, ու նորից արդեն ոչ ելնելով մեր արժեքային համակարգից կամ մեր առաջնահերթություններից, այլ ելնելով իրենց արժեքային համակարգից ու իրենց առաջնահերթությունից, ու չի բացառվում որ ոչ մի բան էլ չընտրեն, մենք միաժամանակ կորցնենք ամեն ինչը՝ պետականությունը կորցնենք՝ մտնելով Միութենական պետություն, տարածքային ամբողջականությունը կորցնենք՝ միջացքը տալով։

Ամենավտանգավոր բանը, որ մենք, որպես քաղաքական հանրույթ և մեր քաղաքական էլիտան կարող են անել, դա որևէ տարբերակ չընտրել է, որևէ բան չընտրելն է, որովհետև դա, վստահաբար, մեզ ամենամեծ կորուստներին է տանելու։ Միևնույն ժամանակ լավ տարբերակ չկա, մենք, ըստ էության, շախմատային տերմինաբանությամբ ասած, ցուգցվանգի մեջ ենք, երբ որ մեր ամեն գործողություն ավելի վատացնելու է մեր իրավիճակը, բայց մենք հիմա պետք է ընտրենք, թե այդ գործողություններից որն է, որ նվազագույնն է վատացնում մեր իրավիճակը։

«Ազատություն»․ - Պարոն Քոչինյան, 30 տարի ճիշտ չեն ասե՞լ, որ առանց Արցախի չկա նաև Հայաստան։

Քոչինյան․- Ես կարծում եմ, որ Հայաստան կա բոլոր պարագաներում, քանի դեռ կան մարդիկ, ովեր պատրաստ են պայքարել Հայաստանի համար, և քանի դեռ Հայաստանն ինքը չի համաձայնվել չլինելու, իսկ այդ համաձայնությունը չլինելու, ոչինչ չընտրելն է։ Գիտեք, տպավորություն չստեղծվի, թե ես «տանք պրծնենքական» քաղաքական հոսանքի ներկայացուցիչ եմ, բնավ, բայց ես, այն ինչ ասացի, ուժի մեջ է, սրան գումարում եմ նաև մեկ մեծություն՝ ժամանակի մեծությունը։ Ի տարբերություն շատերի, ես գտնում եմ, ու 100 տոկոսով եմ սրանում վստահ, որ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ, և ցանկացած զիջում, որը հնարավոր էր երեկ, հնարավոր չէ այլևս այսօր, այդ զիջման գինը մեծանում է, և ավելի է մեծանալու վաղը։

«Ազատություն»․ - Ուղղակի երեկ վարչապետն էլ այս մասին ասաց, որ երաշխիք չկա, որ էդ խաղաղության պայմանագիրը թղթի վրա չի մնա, այլ խոսքով՝ տուլուց հետո էլ կարող է ախորժակը չզսպվել։

Քոչինյան․ - Իսկ ունե՞նք երաշխիքներ, որ ոչինչ չանելու պարագայում էլ ավելի վատ չի լինելու, ինձ թվում է՝ չունենք։

«Ազատություն»․ - Երաշխավոր ո՞վ կարող է լինել։

Քոչինյան․ - Ես կարող եմ ասել, թե ով չի կարող լինել, չի կարող լինել Ռուսաստանը։ Ուկրաինական կոնֆլիկտն առնվազն ցույց է տալիս, որ չունի նման ռեսուրսներ, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանի հետ Ուկրաինայում, և ես, օրինակ, վստահ չեմ, որ Ռուսաստանն ուժային լուծման այս պահին պատրաստ է գնալու՝ զուտ ֆիզիկապես, և երկրորդը, որը շատ ավելի կարևոր է իրականում, Ռուսաստանին ձեռք չի տալիս խաղաղության մեծ պայմանագիրն ու կոնֆլիկտի հանգուցալուծումը։ Ռուսաստանին պետք է ստատուս քվո, Ռուսաստանին պետք է Հայաստանի և Ադրբեջանի մեջ անվերջ պատերազմ և գործընթաց՝ խաղաղության հանուն գործընթացի, ոչ թե հանուն վերջնակետի։ Ռուսաստանի ծրագրանպատակային դաշտի մեջ չի մտնում խաղաղության պայամանգիրը, այդ իսկ պատճառով խաղաղությունը հնարավոր կապել ռուսական ծրագրի հետ, ինքնախաբեություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG