Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի, իրավիճակի դիվանագիտական կարգավորման օգտին


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին, այսօր տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարել է ՄԱԿ֊ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

Վերջինս «Ինտերֆաքս»-ին պատմել է` Մոսկվան պնդում է, որ քննարկման մասին լրագրողների համար պատրաստվող փաստաթղթում անպայման հղում արվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 ին և 2021 ստորագրված հայտարարություններին, որոնք «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմք են և պարունակում են հրադադարի և մի շարք այլ նախագծերի պարտավորություններ, որոնք կողմերը հանձն են առել իրագործել»:

«Մենք պատմել ենք այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը` թե՛ առանձին, թե՛ ՀԱՊԿ֊ի միջոցով` իրավիճակի կարգավորման և հրադադար հաստատելու համար», ֊ ասել է Նեբենզյան՝ հավելելով, թե «ներկայացրել են նաև այն քայլերը, որոնք ՀԱՊԿ֊ը կձեռնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո»: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ ռուս դիվանագետը չի մանրամասնել, նշել է միայն, թե Անվտանգության խորհրդի անդամ֊գործընկերները «շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին այդ ջանքերի համար»:

Հայ ֊ ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել Ֆրանսիան, որն այս ամիս նախագահում է կառույցում: Ավելի վաղ` ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Հայաստանի կառավարությունը աջակցության կոչով դիմել էր ՄԱԿ֊ին, ՀԱՊԿ֊ին ու Ռուսաստանին:

XS
SM
MD
LG