Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը Երևանում է, հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով՝ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է:

Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

Կլաարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ՝ շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը:

Նա վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

Օրեր առաջ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելն էր հայտարարել, որ Տոյվո Կլաարն ուղևորվում է Հայաստան ու Ադրբեջան՝ նշելով, որ եվրոպացի պաշտոնյան տարածաշրջան է մեկնում՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG