Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հայտնում է առնվազն 49 զոհի և 3 քաղաքացիական վիրավորի մասին


Լուսանկարը ՀՀ ՊՆ տեսանյութից
Լուսանկարը ՀՀ ՊՆ տեսանյութից

Կեսգիշերին հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումից ժամեր անց Պաշտպանության նախարարությունը դեռ ժամը 14։00-ի տվյալներով է հայտնում զոհերի թիվը՝ 49։

Գերատեսչությունն այս թիվը հաստատեց միայն այն բանից հետո, երբ Ազգային ժողովում այս մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի, այս է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում», - ասաց նա:

Իսկ Առողջապահության նախարարությունը բախումներից 19 ժամ անց դեռ քաղաքացիական երեք վիրավորների մասին է հայտնում, որոնցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ բավարար։ Թե սահմանամերձ որ բնակավայրերում են նրանք վիրավորվել, ոչ մի գերատեսչություն չի հստակեցրել։

Իսկ ահա Գեղարքունիքի մարզպետը գիտեր միայն, թե քանի վիրավոր զինծառայող է տեղափոխվել իրենց մարզի հիվանդանոցներ. «Վիրավորներ ունենք մեր զորքի մասով, այս պահի դրությամբ տեղափոխվել են նաև Մարտունի, Մարտունուց Երևան են տեղափոխվել մեր վիրավորները: Հիմա էլ ունենք Վարդենիսում վիրավորներ, որ ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկատվությունը մոտավորապես 43 հոգի», - «Ազատությանը» փոխանցեց նա:

Օրվա ընթացքում «Ազատությունը» շրջեց նաև երևանյան հիվանդանոցներով։ Դրանցից մեկի մոտ ականատես եղանք, թե ինչպես էին հարազատները հիվանդանոցի դարպասներին մոտեցող շտապօգնության մեքենաներ տեսնելիս հուզվում, լարվում ու փորձում ճշտել՝ ներսում իրենց երեխան հո չէ՞։ Նրանք հրաժարվում էին խոսել տեսախցիկի առջև, խնդրում էին իրենց չնկարահանել։ Պարբերաբար լրագրողներին էին մոտենում նաև ոստիկաններն ու հիվանդանոցի աշխատակիցները և կրկին խնդրում անջատել տեսախցիկը։

Պաշտպանության ու Առողջապահության նախարարություններից «Ազատությանը» փոխանցեցին` հարկ եղած դեպքում պաշտոնական հայտարարությամբ նոր թվեր կհրապարակեն:

Վարդենիսի բնակիչներից մեկն էլ երկու օր շարունակ չի կարողացել զինծառայող որդուց տեղեկություն ստանալ: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Վարդենիսի քաղաքպետ Ահարոն Խաչատրյանը, տղամարդն ինքնասպան է եղել, բայց հետո պարզվել է, որ որդին ողջ է. «Երկու օր խաբարություն չի ունեցել երեխուց, վշտից իրեն կախել է: Կախելուց հետո 20 րոպե հետո երեխան արդեն զանգով կապնվել է», - ասաց նա:

Սյունիքի մարզի արյան փոխներարկման կայանն էլ թեև ըստ տնօրեն Արթուր Առաքելյանի` ապահովված է արյան պաշարով, բայց վաղ առավոտից սկսել են արյան դոնորների ընդունելություն կազմակերպել. «Արյան փոխներարկման կայանն էլ ապահովված է արյան բաղադրամասերով` բոլոր խումբ-ռեզուրսի պատկանելիությամբ, ուղղակի շարունակվում է արյան դոնորների ընդունելությունը: Առավոտը ժամը 10-ից ընդունել ենք, մինչև հիմա ընդունում ենք»:

Առողջապահության նախարարությունն էլ հայտնեց, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է շտապօգնության մեքենաներն ու առողջապահական օբյեկտները։ Փաստերը հավաքել ու դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG