Մատչելիության հղումներ

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում սպանվել է 5827 խաղաղ բնակիչ


ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում սպանվել է 5827 խաղաղ բնակիչ, այդ թվում 375 երեխա, 8421 բնակիչ վիրավորվել է։ Մեծ մասը զոհվել է հրթիռակոծոթւյան պատճառով։ Միաժամանակ ՄԱԿ-ն ընդգծել է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը շատ ավելի մեծ է։

Կատաղի մարտերը Ուկրաինայում շարունակվում են արդեն գրեթե յոթ ամիս։ Խարկովի մարզը ռուսական օկուպացիայից ազատագրելուց հետո ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակումը երկրի հարավում և արդեն12 կիլոմետր առաջ են գնացել։

«Ազատագրվել է հարավում գտնվող 13 բնակավայր և ավելի քան 500 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածք», - հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գեներալ Դմիտրի Մարչենկոն։

«Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկը նույնպես խոսել է հարավում ուկրաինական բանակի հաջողությունների մասին. - «Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր առաջընթացը բավականին համոզիչ է: Մենք տարբեր տարածքներում առաջ ենք անցել չորսից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր: Կան ազատված տարածքներ՝ մոտ 500 քառակուսի կիլոմետ»։

Նրա խոսքով, ռուս զինվորականները թողնում են տեխնիկան Դնեպրի աջ ափին և անցնում ձախ ափ։

Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոսում է միայն ռուսական զորքերի նոր հաջողությունների մասին Խերսոնի մարզում։ Գերատեսչության մամուլի քարտուղար Իգոր Կոնաշենկովի խոսքով, ուկրաինական ուժերն այնտեղ հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ են կորցրել։

Ավելի վաղ Ռուսաստանը խոստովանել էր, որ վերջին երեք օրվա ընթացքում կորցրել է առանցքային դիրքեր օկուպացված Խարկովի շրջանում։ Իզյումից և Բալակլեայից զորքերի դուրսբերումը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բացատրել էր որպես «զորքերի վերախմբավորում»։

Ռուսների կողմից թողնված բնակավայրերի բնակիչները ողջունում են ուկրաինացի զինվորականներին։

«Շնորհակալ ենք, տղերք, շնորհակալ եմ տղաներ։ Այստեղ ռուսական աշխարհ չի լինի, ամեն ինչ կլինի Ուկրաինա»: Այսպես էին ազատագրված ուկրաինական քաղաքների և գյուղերի բնակիչները դիմավորում Ուկրաինայի Զինված ուժերի զինվորներին։ Այն նույն քաղաքների ու գյուղերի, որտեղ Մոսկվան ուզում էր Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել։

Խարկովի մարզի տարածքների ազատագրումից հետո ուկրաինական բանակի հիմնական թիրախներից են Խերսոնի մարզի օկուպացված տարաքները, Խերսոն և Մարիուպոլ քաղաքները։

«Արևմտյան հետախուզությունը հավանական է համարում ռուսական նահանջը նաև հարավային շրջաններից», - հղում անելով իշխանական աղբյուրներին՝ գրում է The Washington Post-ը։

Ուկրաինական բանակի հաջողւոյթւոններից խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայատարարելով, թե ուկրաինական հակահարձակումը նոր է սկսվել, սակայն Ուկրաինայի Զինված ուժերն արդեն կարողացել են զգալի առաջընթաց գրանցել։

Բլինքենը շեշտել է, որ ուկրաինական հաջողված հակահարձակումը հնարավոր է դարձել նաև արևմտյան սպառազինության շնորհիվ՝ միաժամանակ ընդգծելով․ - «Բայց առաջին հերթին դա ուկրաինական Զինված ուժերի և ուկրաինացի ժողովրդի արտասովոր խիզախության և տոկունության արդյունք է»:

Միևնույն ժամանակ պետքարտուղարը հավելել է, որ դեռ վաղ է կանխատեսել, թե ինչպես կավարտվի այս հակահարձակումը, քանի որ Ռուսաստանը դեռևս մեծ թվով զորքեր, տեխնիկա և զինամթերք է պահում Ուկրաինայում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG