Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն


Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը, որ նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, շեշտել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։

Նա նշել է, որ ինչպես ավելի վաղ պարզորոշ ասվել է, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Էնթոնի Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն էր հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

XS
SM
MD
LG