Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետի, պետք է ժամանակ ձգել, դեռ չխոսել Արցախի կարգավիճակի մասին, խոսել անվտանգության և իրավունքների մասին


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համաձայն չէ կարծիքի հետ, թե Ռուսաստանը համարում է Արցախի կարգավիճակի հարցը լուծված՝ շեշտելով՝ հակառակը՝ հնչել են բազմաթիվ հայտարարություններ, թե՛ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով, որ պարզապես այսօր կարգավիճակի հարցը քննարկելու միջավայր չկա, և պետք է հարցը թողնել, մինչև կգա հարմար միջավայր այն քննարկելու համար։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ քաղաքական մեկնաբանի, Թուրքիայի համար ընդհանրապես բուն արցախյան խնդիրն իր կարգավիճակով այդքան էլ հետաքրքիր չէ՝ նկատելով՝ Թուրքիան ունի այլ ռազմական հետաքրքրություններ՝ ռեգիոնում նրան շատ ավելի հետաքրքրում է ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, քան Արցախի կարգավիճակի հարցը։

Բադալյանը նկատում է՝ կարգավիչակի մասին հաճախ խոսում է Արևմուտքը՝ ակնկալելով, որ Հայաստանը կճանաչի կարգավիճակի տարբերակ Ադրբեջանի կազմում։

«Եվ այս տեսանկյունից շատ մեծ հարց է, թե մեզ համար ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի․ այսօր կարգավիճակի մասին չխոսե՞լ, թե՞ խոսել և թողնել կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որովհետև նաև մեծ հարց է, թե դրանից հետո ինչպիսի զարգացումներ կլինեն հենց բուն Արցախում, այսինքն՝ ինչպես կընկալի այդ ամենը Արցախի հանրությունը և ինչ վարքագիծ կդրսևորի», - ասաց քաղաքական մեկնաբանը՝ կասկած հայտնելով, թե դրանից հետո Արցախում հայ մնա։

«Այս տեսանկյունից մենք ունենք այս երկու մոտեցումների միջև բալանսի կարիք։ Այսինքն՝ ձգել որոշակի ժամանակ, մինչև, իսկապես, մենք կկարողանանք նախ ինքներս ամրանալ և հետո արդեն խաղալ այն բանաձևով, որն առաջ է քաշում Երևանը, այսինքն՝ կարգավիճակի մասին չենք խոսում, խոսում ենք անվտանգության և իրավունքների մասին։ Անվտանգության և իրավունքների մասին կխոսենք և կտեսնենք, թե դրանք ինչպիսի կարգավիճակի անհրաժեշտության մեզ կհանգեցնեն, և այս բանաձևը, կարծում եմ, առավել արդյունավետն է, որով պետք է առաջնորդվի Երևանը, որը առաջ է քաշել նաև վարչապետը հայտնի իր ելույթում», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 31-ին Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ՝ խոսքը մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է։

«Բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա։ «Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը` հավելելով, որ Բաքվի տեսակետը այդ հարցում չի կիսում նաև Մոսկվան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG