Մատչելիության հղումներ

Հանգուցալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հանգուծյալ միապետ Եղիսաբեթ Երկրորդը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:

Նախատեսված է պետական արարողակարգ: Հուղարկավորության օրը երկուշաբթի է, և այն կլինի ոչ աշխատանքային:

Հուղարկավորությանը նախորդող չորս օրերի ընթացքում դագաղը կտեղադրեն բրիտանական խորհրդարանի սրահում, որ հպատակները կարողանան հրաժեշտ տալ 70 տարի և 7 ամիս գահակալած 96-ամյա միապետին:

Հուղարկավորության ընթացակարգը տասնամյակներ առաջ մանրամասնորեն մշակվել է Նորին Մեծության անմիջական մասնակցությամբ:

Թագուհու դստեր՝ իշխանուհի Աննայի ուղեկցությամբ, միապետի աճյունը Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգից ինքնաթիռով կփոխադրեն Լոնդոնի արվարձանում գտնվող «Նորթհոլի» ռազմական օդակայան:

Մայրաքաղաքում հանգուցյալի աճյունը դիմավորելու են վարչապետ Լիզ Թրասը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:

Հաջորդ օրը դագաղը զինվորական պատիվներով Բուքինգհեմյան պալատից Լոնդոնի փողոցներով կփոխադրեն Վեստմինստերյան պալատ, որտեղ անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին թագավոր Չարլզ երրորդի և նրա ընտանիքի անդամների ներկայությամբ կկատարի հոգեհանգստի պաշտոն:

Դագաղը կծածկեն թագավորական դրոշով և վրան կդնեն Բրիտանիայի կայսրության թագը: Եկեղեցական արարողությունից հետո սրահը կբացեն շարքային մարդկանց համար:

Սեպտեմբերի 19-ին Նորին Մեծության աճյունը կփոխադրեն Վինձորի պալատ, որտեղ գտնվում է նրա հոր՝ Ջորջ վեցերորդի մատուռը: Մատուռում Եղիսաբեթ երկրորդին հողին կհանձնեն հոր և ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին:

Նոր թագավոր Չարլզ Երրորդի թագադրության պաշտոնական արարողության օրը դեռ որոշված չէ:

XS
SM
MD
LG