Մատչելիության հղումներ

Բալթյան երկրները և Լեհաստանն արգելում են ռուսաստանցիների մուտքը՝ որոշ բացառություններով


Ռուսաստանի հետ սահմանակից բալթյան երեք պետություններն ու Լեհաստանը որոշել են սեպտեմբերից սահմանափակել ռուսաստանցիների մեծ մասի մուտքն իրենց երկրներ:

Ակնկալվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի կեսերից և կհաստատվեն չորս երկրների կառավարությունների կողմից, հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Սա այլևս հասարակության անվտանգության խնդիր է և ոչ միայն քաղաքական ու բարոյական», - ասել է Ռինկևիչսը:

Չորս երկրները համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ անհանգստացած են Ռուսաստանի քաղաքացիների զգալի ու աճող ներհոսքով:

«Եվրամիության շենգենյան տարածք մտնող Ռուսաստանի քաղաքացիների թվում կան նաև անձինք, որոնց նպատակն է խաթարել մեր երկրների անվտանգությունը: Ռուսաստանի քաղաքացիների երեք քառորդն աջակցում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին Ուկրաինայի դեմ: Անընդունելի է, որ ագրեսոր պետության քաղաքացիները կարողանում են ազատորեն շրջագայել Եվրամիությունում, մինչ Ուկրաինայում մարդիկ խոշտանգվում և սպանվում են», - ասված է պաշտոնական Տալլիննի, Վիլնյուսի, Ռիգայի ու Վարշավայի տարածած հայտարարությունում:

Մինչ այժմ տրված շենգենյան վիզաներն այլևս չեն գործի, բացառություններ կարվեն միայն դիվանագետների համար, մարդասիրական նպատակներով, ինչպես նաև ընտանիքի վերամիավորման դեպքերում:

Շենգենյան միասնական տարածքում սա նմանատիպ առաջին սահմանափակումն է:

«Սեպտեմբերի կեսերից կփակվեն բոլոր սահմանները, և որ շատ կարևոր է՝ միաժամանակ, քանի որ եթե որևէ տեղ սահմանը դեռ բաց մնա, այցելուները կփորձեն դրանից օգտվել: Այդ իսկ պատճառով, մենք ուզում ենք միասնական որոշում կայացնել ժամկետների վերաբերյալ, որը անշուշտ կհրապարակվի», - ընդգծել է Լատվիայի արտգործնախարարը:

Ռուսաստանցիները Եվրամիության տարածք ամենաշատը հենց Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, ինչպես նաև Ֆինլանդիայի տարածքով են մտնում։ Ֆինլանդիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ հարցը Եվրոպայի խորհրդում քննարկելու անհրաժեշտություն է տեսնում. - «Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ճանապարհորդել, մտնել Եվրոպա, շենգենյան տարածք, որպես զբոսաշրջիկներ տեսարժան վայրեր այցելել, մինչդեռ Ռուսաստանը Ուկրաինայում մարդկանց է սպանում: Դա սխալ է, և մենք պետք է դա քննարկենք»:

Դաշինքի մյուս անդամները ևս վերջին շրջանում քննարկում էին Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման ամբողջական արգելքի հարցը, սակայն դրան դեմ արտահայտվեցին Եվրամիության երկու առաջատարները՝ Ֆրանսիան և Գերմանիան: Արդյունքում՝ ԵՄ երկրները համաձայնեցին Ռուսաստանի հետ խզել վիզային համաձայնագիրը:

Սպասվում է, որ ԵՄ խորհուրդն առաջարկը կհաստատի այս շաբաթ: Դա նշանակում է, որ ռուսաստանցիների համար վիզայի վճարը կարող է կրկնապատկվել՝ հասնելով 80 եվրոյի, արտոնագրի տրամադրման ժամկետն էլ կարող է երկարացվել մինչև 45 օր: Դիմելու համար կպահանջվեն ավելի շատ փաստաթղթեր, բազմակի մուտքի վիզաների թիվն էլ կարող է սահմանափակվել:

XS
SM
MD
LG