Մատչելիության հղումներ

Բեռլինն ու Փարիզը դեմ են ռուսներին վիզաների տրամադրման արգելքին


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բեռլինում, մայիս, 2022թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բեռլինում, մայիս, 2022թ.

Գերմանիան ու Ֆրանսիան դեմ են ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքին։ Այս մասին ասվում է օգոստոսի 30-ին Պրահայում մեկնարկող Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։

Դաշինքի երկու առանցքային երկրների համոզմամբ՝ «ռուսաստանցիների ապագա սերունդներին չպետք է մեկուսացնել», և պետք է պահպանել գործող իրավական բազան, որը թույլ է տալիս ռուս ուսանողներին, նկարիչներին, գիտնականներին ու մասնագետներին մեկնել Եվրամիություն՝ «անկախ այն բանից՝ ենթարկվում են նրանք քաղաքական հետապնդման, թե՝ ոչ»։

Գերմանիան և Ֆրանսիան պնդում են, որ Եվրամիության երկրները պետք է ավելի խելամիտ ձևեր գտնեն վիզաների տրամադրման կարևոր լծակն օգտագործելու համար։

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո Եվրամիության անդամ մի շարք երկրներ, այդ թվում՝ բալթյան երկրները, Լեհաստանը, Չեխիան, հորդորում են ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումից: Ըստ մի շարք արևմտյան առաջատար լրատվամիջոցների՝ Պրահայում կայանալիք հանդիպմանը արտգործնախարարները կարող են որպես փոխզիջումային տարբերակ չարգելել ռուսներին վիզաների տրամադրումը, այլ հրաժարվել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագրից:

XS
SM
MD
LG