Մատչելիության հղումներ

Հունաստանը արևմտյան կառույցներին կոչ է անում դատապարտել Թուրքիայի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը


Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիաս

Հունաստանը կոչ է անում արևմտյան կառույցներին հրապարակավ դատապարտել Թուրքիայի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը՝ զգուշացնելով, թե Եվրոպայում երկրորդ պատերազմի վտանգ կա:

«Ասոշիեյթիդ Փրեսի» փոխանցմամբ, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը օրերս նամակ է ուղարկել ՆԱՏՕ, Եվրամիություն և ՄԱԿ՝ այդ կառույցներին հորդորելով դատապարտել տարածաշրջանում իրենց պատմական մրցակից ու ՆԱՏՕ-ում դաշնակից երկրի պահվածքը:

«Ժամանակին չանելով դա կամ թերագնահատելով հարցի լրջությունը՝ մենք ռիսկի ենք դիմում ականատես դառնալու մի իրավիճակի, որի հիմա տեղի է ունենում մեր մայրցամաքի մյուս հատվածում: Մեզնից ոչ ոք չէր ցանկանա դեպքերի նման շրջադարձ», - գրել է նամակում Դենդիասը՝ ակնարկելով պատերազմը Ուկրակիանում:

Սեպտեմբերի սկզբին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էր նամակով դիմել ԵՄ անդամ 25 պետությունների ղեկավարներին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ ուշադրություն հրավիրելով վերջին շաբաթներին սրացած Էգեյան խնդիրների վրա:

Կողմերի այս քայլերի պատճառը շաբաթներ շարունակ չմարող լարվածությունն է։ Թուրքիան Հունաստանին մեղադրում է թուրքական F-16 ինքնաթիռների նկատմամբ հակահրթիռային պաշտպանական համակարգեր կիրառելու և արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ինքնաթիռների աշխատանքը խոչընդոտելու համար: Հունաստանը հերքում է այս մեղադրանքները:

Անկարան պարբերաբար բարձացնում է նաև հունական կղզիների վերազինման հարցը՝ պնդելով, թե Աթենքը անտեսում է ապառազմականացման մասին միջազգային պայմանագիրը: Իսկ Հունաստանը հայտարարում է, որ պետք է պաշտպանվի իր հարևանից: Կողմերը շարունակ իրար մեղադրում են միմյանց օդային սահմանները խախտելու համար, տարաձայնություններ ունեն նաև ջրային սահմանների հարցում:

Եվ ահա այս լարվածության ֆոնին օրերս Թուրքիայի նախագահը զգուշացրեց՝ եթե Աթենքը չվերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1970-ականներին հայտնի երգի տողերով, ըստ էության, հույներին հիշեցրել է Հյուսիսային Կիպրոսի գրավումը: Նա Հունաստանին կոչ էր արել նայել պատմությանը և ավելի հեռուն չգնալ. - «Մենք միայն մի խոսք ունենք Հունաստանին ասելու: Մի մոռացեք Իզմիրը: Հոգ չէ, որ դուք օկուպացրել եք կղզիները: Երբ ժամանակն ու ժամը գա, մենք ինչ որ պետք է կանենք: Ինչպես ասում ենք՝ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:

Պաշտոնական Աթենքն, արձագանքել էր՝ հայտարարելով, թե տեղի չեն տալու Թուրքիայի սպառնալիքներին:

Յենս Ստոլտենբերգին, Ժոզեպ Բորելին և Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակներում Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Էրդողանի հիշատակումները, թե Հունաստանը բռնազավթել է Էգեյան ծովի կղզիները, որոնք տասնամյակներով այդ երկրի մաս են կազմում, անընդունելի են և վիրավորում են Հունաստանին ու հույն ժողովրդին:

«Թուրքիայի ղեկավարությունը հավանաբար որոշել է ապագա ագրեսիան ներկայացնել որպես արդեն նախապատրաստված և որ ավելի կարևոր է արդարացված գործողություն: Եթե միջազգային հանրությունը չտեսնի սրա իրական մաշտաբները և միջոցներ չձեռնարկի, ապա Թուրքիայի դիրքորոշումը կարող է ապակայունացնել մեր լայն տարածաշրջանը և ահռելի լուրջ հետևանքների հանգեցնել», - ասված է նամակում: Դենդիասը մասնավորապես ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին գրել է, թե Թուրքիայի պահվածքը խաթարում է դաշինքի միասնությունը՝ թուլացնելով կառույցի հարավային թևը այս ճգնաժամային շրջանում:

Հունաստանը արևմտյան կառույցներին կոչ է անում դատապարտել Թուրքիայի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

XS
SM
MD
LG