Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա մոտակա նիստին


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի և կորոշի՝ նպատակահարմար համարում է քննարկել Հայաստանում մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովը ղեկավարող արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։ Ավելի վաղ հենց նախարար Կարեն Անդրեասյանը չէր բացառել քննարկման հնարավորությունը։

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստը նախատեսվում է իրականացնել առաջիկա 10-ից 15 օրվա ընթացքում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին, ապա խորհուրդը և հանձնաժողովը կորոշեն նպատակահարմար համարում է քննարկել այդ հարցը, թե միանգամից կլինի ընդհանրական պատասխան», - ասաց Մելքումյանը։

Մի քանի օրից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում օրենքով արգելված մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսեց մեկ շաբաթ առաջ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկելով պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հեռացող դատախազի առաջարկը տարօրինակ և անընդունելի է համարում։

«Չափազանց զարմացած և որևիցե տրամաբանական բացատրություն նման առաջարկի մեջ չեմ տեսնում։ Իհարկե, մենք կարող ենք խոսել պետության ինքնիշխանության տեսանկյունից, որ յուրաքանչյուր պետության իրավունքն է վերականգնել մահապատիժը որպես այդպիսին, բայց մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք, ըստ էության, որևիցե եղանակով եվրոպական ժողովրդավարության համատեքստում չտեղավորվող պատժամիջոցի հետ։ Սա մեր միասնական մոտեցումն է, և սա որևիցե եղանակով չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, որը դրված է եղել և՛ նախընտրական ծրագրում, և՛ կառավարության ծրագրում, նման հարց չի քննարկվել: Եվ բացի զարմանքից ես որևիցե բան չեմ կարող ասել», - ասաց Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան

Երևանի փողոցներում «Ազատության» հարցումները ցույց տվեցին, որ գլխավոր դատախազի առաջարկը հակասական արձագանքներ է առաջացրել։ Քաղաքացիներն ասում էին՝ արդարադատության համակարգը Հայաստանում այդքան զարգացած չէ, հետևաբար դատական սխալի հավանականությունը շատ մեծ է, մյուս կողմից պնդում էին՝ 44 օրյա պատերազմից հետո դավաճանության թեման Հայաստանում ավելի սուր բնույթ է ստացել։

Մեկ շաբաթից գլխավոր դատախազի պաշտոնը լքող Դավթյանի առաջարկի մեջ իշխող ուժը չի ցանկանում քաղաքական երանգներ տեսնել։ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո «դավաճան» մեղադրանքը քաղաքական խոսույթում շատ հաճախ է հնչում։ Մեկ անգամ չէ, որ ընդդիմադիրները հրապարակային ելույթներում հենց վարչապետ Փաշինյանին են «դավաճան» անվանել, վարչապետն էլ՝ նրանց։

Սա կարո՞ղ է հարցը քաղաքականացնելու պատճառ դառնալ. իշխող ուժի ներկայացուցիչը հորդորում է դիմել դեռ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանին։

Այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալ չցանկացող Դավթյանը իր առաջարկը հիմնավորելիս՝ հայտարարել էր, թե պատերազմից հետո կարիք կա պետական դավաճանության դեմ քրեաիրավական պայքարը ուժեղացնել և պատժողական քաղաքականությունը խստացնել։

Հայաստանում մահապատիժ չի կիրառվել 91 թվականից ի վեր, անգամ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին։ Հետո էլ պատժի այս ձևը օրենքով արգելվել է 2003-ին։

Արդյո՞ք Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում փոխարինող Աննա Վարդապետյանը կպնդի իր նախորդի առաջարկը. Նորընտիր գլխավոր դատախազից օրեր շարունակ չի հաջողվում ստանալ այս հարցի պատասխանը, նա հեռախոսազանգերին չի պատասխանում։

Պատերազմից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական գործերի մասին տասնյակից ավելի պաշտոնական հաղորդումներ են եղել։ Ազգային անվտանգության ծառայության տրամադրած վերջին տվյալներով՝ առայժմ հինգ գործ է ուղարկվել դատարան։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա մոտակա նիստին
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

XS
SM
MD
LG