Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ինքնասպան է եղել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ևս մեկ մասնակից


Երկրի գլխավոր դատախազության փոխանցմամբ, երկրորդ կարգի հաշմանդամ Նազիմ Հասանովը նախօրեին ինքնահրկիզվել է իր տան բակում և, տեղափոխվելով քաղաքային հիվանդանոց, մահացել ծանր այրվածքներից:

Ադրբեջանական մամուլում շրջանառվող վարկածի համաձայն, ինքնասպանության պատճառը Հասանովին հաշմանդամության նպաստից և նախագահական թոշակից զրկելն է:

«Երիտասարդ վետերաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հաջը Վելիևը ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է, որ պատկան մարմինները անտարբերության են մատնել պատերազմի մասնակիցներին ինչպես առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա. - «Մենք մամուլի միջոցով վետերաններին կոչ ենք անում նման քայլերի չգնալ: Ինքնասպանությունը ելք չէ: Բայց Նազիր Հասանովը փաստորեն այդ քայլին գնաց, քանի որ նախարարությունը, անտեսելով նրա ստացած վիրավորումը, նրան զրկեց հաշմանդամության կարգից: Չնայած բոլոր դիմումների, նրան այդպես էլ չհաջողվեց վերականգնել իր իրավունքները»:

Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարությունը, սակայն, կտրականապես հերքում է այս պնդումները։ Պետական կառույցը հայտարարել է, որ Հասանովը հաշմանդամության պատճառ դարձած հիվանդությունը պատերազմի ընթացքում ձեռք չի բերել, և ըստ այդմ՝ նրան անցած տարի միայն ընդհանուր հաշմանդամության կարգ և թոշակ է տրամադրվել։ Նախարարությունը նաև պնդում է, թե 57-ամյա Հասանովը իր թոշակից չի զրկվել, և իրենք այդ հարցով որևէ առարկություն ու դիմում չեն ստացել:

Միայն այս ամառվա ընթացքում Ադրբեջանում սա ինքնահրկիզման արդեն երրորդ դեպքն է: Օգոստոսին լուրջ այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2020-ի պատերազմի մասնակից 33-ամյա Թեբրիզ Աբդուլաևը, որը ինքնահրկիզվել էր Սամուխի շրջանային վարչության շենքի դիմաց: Իսկ հուլիսին մեծ աղմուկ էր բարձրացրել երրորդ կարգի հաշմանդամ, պատերազմից հետո բազմաթիվ պարգևներ ստացած 35-ամյա Էլվին Ջաֆարովի ինքնահրկիզումը։

Հարազատների պնդմամբ, Ջաֆարովը դժգոհում էր պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության անարդար ու անուշադիր վերաբերմունքից: Մինդեռ նրա հոգեհանգստին մասնակցած տեղական պաշտոնյաներից մեկը լրագորղներին ասել էր, թե Ջաֆարովի հանդեպ պետական հոգածություն եղել է և նրա մահը պետք չէ քաղաքականացնել:

Անցած շաբաթ էլ իր բնակարանում ինքնասպան էր եղել «Քելբաջարի ազատագրման համար» նախագահական մեդալ ստացած 33-ամյա Ռուսլան Արդատևը: Պատճառների մասին հայտնի չէ։

Հետպատերազմական սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, շրջաններում վերականգնողական բուժման բացակայությունը երբեմն հանգեցնում է ինքնասպանության. BBC

Ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնասպան լինում 44-օրյա պատերազմի մասնակիցները: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին:

Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու համապատասխան թոշակ տրամադրել։ Պատերազմի մասնակիցները հիմնականում վրդովված են բյուրոկատական քաշքշուկներից, պնդում են, թե հաշմանդամության կարգի տրամադրումը ամիսներ է տևում, հաճախ էլ իրենց դիմումները առհասարակ մերժվում են:

Փաստորեն մարտական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած մարդիկ մնում են առանց պետության աջակցության՝ ո'չ կարողանում են հաշմանդամություն ու թոշակ ստանալ, ո'չ էլ աշխատանք գտնել: BBC-ն եզրահանգում է՝ հետպատերազմական սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, հատկապես շրջաններում վերականգնողական բուժման բացակայությունը երբեմն հանգեցնում է ինքնասպանության:

Ադրբեջանում վետերանի կարգավիճակ ունեցող պատերազմի մասնակիցները ամսական մոտ 50 դոլար նպաստ են ստանում, իսկ հաշմանդամության կարգ ստացած մարդիկ՝ նախագահական թոշակ175-235 դոլար՝ կախված հաշմանդամության կարգից։ Դրանից բացի, նրանք նաև հաշմանդամության թոշակ են ստանում՝ ըստ իրենց կարգի: Պաշտպանության նախարարության տվյալներով, 44-օրյա պատերազմի 76 հազար մասնակից վետերանի կարգավիճակ է ստացել, ևս 13 հազարի կարգավիճակը դեռ ճշգրտվում է։ Շուրջ 3000 մարդ պատերազմի հաշմանդամ է ճանաչվել:

Ադրբեջանում ինքնասպան է եղել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ևս մեկ մասնակից
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

XS
SM
MD
LG