Մատչելիության հղումներ

Նախագծի հրապարակումից մեկ շաբաթ անց էլ հիմնադրամը նախարարություն դեռ չի դիմել Քրիստոսի արձանի տեղադրման թույլտվության համար


Քրիստոսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին հայտարարությունից ու նախագծի հրապարակումից մեկ շաբաթ անց էլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն առայժմ պատկան մարմիններին չի դիմել անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար։

Քրիստոսի արձանի նախագիծը պետք է մշակույթի նախարարության հավանությանն արժանանա։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ դիմում չեն ստացել, սակայն դեռևս թույլտվություն չստացած նախագծի հանրայնացումը, որտեղ անգամ կառուցման վերջնաժամկետներ են նշվում, նախարարին առանձնապես չէր հուզել։

Վահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան

«Խնդիր չեմ տեսնում։ Մակետ են հրապարակել, լավ են արել, ինչո՞ւմն է խնդիրը։ Ամեն մեկը կարող է մակետ հրապարակել, մյուսը կարող է ուրիշ մակետ հրապարակել, ուզում եք ասել մենք այդ մակետին համահեղինա՞կ ենք, թե ոչ, իհարկե՝ ո՛չ։ Մենք որևիցե խնդիր չենք տեսել, մենք ընդամենն ասել ենք՝ ինչ-որ արվի, պիտի արվի օրենքի շրջանակում», - ասաց նախարարը։

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման մասին մեծ շուքով հայտնեց հուլիսին՝ հիմնարկեքի արարողությամբ։ Հետո, սակայն, կառավարությունից հայտարարեցին՝ շինաշխատանքները դադարեցված են, քանի դեռ համապատասխան թույլտվություններ չկան։

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի արձագանքը չուշացավ. վստահեցրին, թե «շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, մինչ այդ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ»։

Հատիս սարը
Հատիս սարը
Այս իրադարձություններից ու հայտարարություններից գրեթե 2 ամիս անց «Ծառուկյան» հիմնադրամը անհրաժեշտ թույլտվությունների համար դեռ չի էլ դիմել, որպեսզի պատկան մարմինները նախ ուսումնասիրեն, այնուհետև որոշեն ՝ թույլատրում են, թե՝ ոչ ։

Մեկ շաբաթ առաջ Ծառուկյան հիմնադրամը հրապարակեց, իրենց բնորոշմամբ, «նոր հրաշալիքի» վերջնական անիմացիոն տարբերակը։ Այս հոլովակում էլ հենց նշում են, որ Քրիստոսի արձանը պատրաստ կլինի երեք տարուց։

«Այս պահին հաստատված նախագիծ գոյություն չունի, իսկ համանցանցային տիրույթում ինչ տեղի է ունում, ինձ քիչ է հետաքրքրում», - ասաց Դումանյանը։

Այս ընթացքում «Ծառուկյան» հիմնադրամից չի հաջողվում ճշտել՝ երբ են պատրաստվում անհրաժեշտ դիմումները ներկայացրել։

Քրիստոսի արձանի մրցութային հանձնախմբից հրաժարվեցին «Ազատության» հարցեին պատասխանել, հորդորեցին հիմնադրամ դիմել, այնտեղից էլ, սակայն, «Ազատության» հեռախոսազանգերն անպատասխան թողեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG