Մատչելիության հղումներ

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տալիս է Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկը՝ չունենալով պատկան մարմինների թույլտվությունները


Հատիս լեռան գագաթին տեղադրվելիք արձանի մանրակերտը։
Հատիս լեռան գագաթին տեղադրվելիք արձանի մանրակերտը։

Պատկան մարմինների թույլտվությունները դեռ չստացած՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարում է, որ Քրիստոսի արձանի աշխատանքների մեկնարկը տրված է, նույնիսկ ժամկետ են նշում ՝ նախագիծը պատրաստ կլինի երեք տարուց։

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման մասին մեծ շուքով հայտնեց հուլիսին՝ հիմնարկեքի մարդաշատ ու ճոխ արարողությամբ։ Հետո, սակայն, ԿԳՄՍ ու Շրջակա միջավայրի նախարարությունները հայտարարեցին, որ շինաշխատանքները դադարեցված են, քանի դեռ համապատասխան թույլտվություններ չկան։

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի արձագանքը չուշացավ. վստահեցրին, թե «շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, մինչ այդ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ»։

Հատիսի լանջին այսօր աշխատող տեխնիկա չնկատեցինք, բայց ստորոտից գագաթ տանող ճանապարհն արդեն բացվել էր, էլեկտարական սյուներն էլ տեղադրված էին։

Հիմնարկեքից ու շինարարության կասեցման որոշումից մեկ ու կես ամիս անց, սակայն, պետական մարմինները Ծառուկյանից դիմումներ անգամ դեռ չեն ստացել, որպեսզի ուսումնասիրություններ սկսեն, կառուցման թույլտվություն տան կամ մերժեն։

Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ այս ընթացքում ոչ մի փաստաթուղթ չեն ստացել։ Նույն պատասխանը ստացանք նաև Շրջակա միջավայրի նախարարությունից։

Այնինչ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երեկ ներկայացրեց իրենց բնորոշմամբ՝ «նոր հրաշալիքի» վերջնական անիմացիոն տարբերակը։ Այս հոլովակում էլ հենց նշում են աշխատանքների մեկնարկի ու ժամկետների մասին։

Առանց համապատասխան թույլտվությունների աշխատանքներ սկսելը ամենաթողություն է որակում «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը, որն անցած ամիս Քրիստոսի արձանի կառուցման դեմ ստորագրահավաք էր նախաձեռնել, լեռան գագաթին էլ բողոքի ակցիա կազմակերպել։

Ըստ Միսկարյանի, այս ամենը ցույց է տալիս, որ մեծահարուստ Ծառուկյանը վստահ է, որ բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ի վերջո ստանալու է. - «Մինչև հիմա էլ Հայաստանում, ես ինչ հիշում եմ, կա էդ պրակտիկան, որ ասում են՝ գնա կառուցի, հետո կգաս կօրինականացնես։ Ըստ երևույթին, էդ նույն տրամաբանությամբ, նույն ձևով էլ փորձում են շարունակել։ Այսինքն՝ մարդը որոշել է, որ ինքը ունի հանրապետության առաջին դեմքի կողմից հավանություն, և էդ հավանությունը կյանքի է կոչում, այսինքն՝ իրականացնում է էդ նախագիծը։ Հետո թղթերով ամեն ինչը կկարգավորեն էդ մոտեցմամբ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Ծառուկյանի նախաձեռնությունը դրական էր գնահատել։

Հատիսի գագաթին, որտեղ ԲՀԿ առաջնորդը նախատեսում է տեղադրել Փրկչի 33 մետրանոց արձանը, բրոնզեդարյա հնավայր ամրոց կա։ Մասնագետներն արձանագրում են, որ շինարարական աշխատանքների հետևանքով արդեն իսկ անդառնալիորեն վնասվել է հնավայրի կենտրոնական հատվածը։ Այնինչ նորահայտ այս հուշարձանը, ըստ օրենքի, ևս պետք է պահպանվեր պետության կողմից։

Քրիստոսի արձանի տեղադրմանը կտրականապես դեմ էր արտահայտվել Հայ առաքելական եկեղեցին՝ հայտնելով, թե արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթին, հարթաքանդակ կարող է լինել, արձան՝ ոչ:

Սա, սակայն, ԲՀԿ առաջնորդին չէր մտափոխել։ Իր հարցազրույցներին մեկում Գագիկ Ծառուկյանն ասել էր՝ այս մեկը եկեղեցական կառույց չէ։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև նախաձեռնության հեղինակներից՝ ե՞րբ են ի վերջո դիմելու պետական մարմինների եզրակացությունը ստանալու համար։ Քրիստոսի արձանի մրցութային հանձնախմբից, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG