Մատչելիության հղումներ

Էրդողանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցում միջնորդելու պատրաստակամություն է հայտնել Պուտինին


Ուկրաինա - Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ
Ուկրաինա - Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակում։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։

Կրեմլը, ավելի վաղ տեղեկացնելով երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին, նշել է, որ Պուտինը և Էրդողանը ի թիվս այլ հարցերի անդրադարձել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության Զապորոժիեի ատոմակայան կատարած այցին։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմակերպման գործում», -ասվում է ռուսական կողմի հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, թե խիստ անհանգստացած է Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և կառույցի աշխատակիցների անվտանգության բացակայության կապակցությամբ, որոնք ստիպված են աշխատել ռուս զինվորականների հսկողության ներքո։

Ամփոփելով Զապորոժիեի ԱԷԿ այցի առաջին արդյունքները՝ Գրոսսին պնդել է, որ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը բազմակի անգամ խախտված է: «Ատոմակայանին հասցված այդ վնասը, անկախ դրա պատճառներից, անընդունելի է», - հայտարարել է ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավարը:

XS
SM
MD
LG