Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին


Ներքաղաքական սուր ճգնաժամով և արյունալի բախումներով մեկնարկած 2022 թվականը շարունակում է նոր անակնկալներ մատուցել Ղազախստանի բնակիչներին։ Առաջիկա ամիսներին հետխորհրդային մեծությամբ երկրորդ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան։ Այս մասին այսօր խորհրդարանի անդամների առջև ելույթ ունենալով` հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ իր այս քայլը պատճառաբանելով երկրի քաղաքական համակարգի հետագա ժողովրդավարացման անհրաժեշտությամբ։

«Քաղաքական ավանդույթը, երբ իշխանությունը իր ծրագրերը թաքուն էր պահում հանրությունից, պետք է մնա անցյալում։ Դա է պատճառը, որ ես այսօր պատրաստվում եմ ներկայացնել ապագա ընտրությունների ժամանակացույցը», - հայտարարեց Տոկաևը՝ իր ավելի քան մեկ ժամ տևած ուղերձի առանցքային դրույթը, սակայն, ներկայացնելով արդեն ոչ թե ռուսերեն, այլ ղազախերեն։

«Առաջարկում եմ ընթացիկ տարվա աշնանն անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ», - Ղազախստանի նախագահի այս մի հայտարարությանը պատգամավորները արձագանքեցին միահամուռ ծափահարություններով։

Ուշագրավ է, ի դեպ, որ որ իր ելույթում Տոկաևը անգամ հարկ չհամարեց հատուկ ընդգծել, թե ինքը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ավելին` տպավորություն էր ստեղծվում, որ Տոկաևն առաջիկա նախագահական ընտրություններում իր հաղթանակն արդեն կայացած փաստ է համարում։ Ղազախստանի նախագահը այսօր խոսում էր այն քայլերի մասին, որ ինքը ձեռնարկելու է նախագահական ընտրություններից հետո։ Խոսքը, մասնավորաբար, սահմանադրական փոփոխությունների մասին է, որոնք ուղղակիորեն ազդելու են երկրի նախագահի լիազորությունների վրա։

«Առաջարկում եմ նախագահի մանդատը սահմանափակել մեկ յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի», - նշեց Ղազախստանի նախագահը։

Տոկաևի պնդմամբ` այս նորամուծությունները երկրում քաղաքական նոր դարաշրջանի սկիզբ կդառնան։

«Մեկնարկում է արդար Ղազախստանի շինարարությունը», -հայտարարեց Տոկաևը, որն, ի դեպ, նախորդ 30 տարիներին զբաղեցրել է երկրի գրեթե բոլոր առանցքային պետական պաշտոնները՝ վարչապետ, խորհրդարանի վերին պալատի խոսնակ, արտաքին գործերի նախարար։

«Իմ կողմից առաջարկվող սահմանադրական լրացումները զգալիորեն կնվազեցնեն իշխանության մոնոպոլիզացման ռիսկերը։ Դա է պատճառը, որ ես առաջարկում եմ միանգամյա նախագահաության նորմը։ Մեզ հարկավոր է իշխանության ձևավորման և գործունեության քաղաքակիրթ սկզբունքներ սահմանել։ Նոր նախագահական համակարգը կամրապնդի քաղաքական կայունությունը, հասարակարգի ղազախստանյան մոդելի կայունությունը», - ասաց նա:

«Տոկաևը փորձում է իր մեջից կաթիլ առ կաթիլ հանել Նազարբաևին». փորձագետ

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փորձում է իր մեջից կաթիլ առ կաթիլ հանել Նազարբաևին», - մեկնաբանելով Ղազախստանի նախագահի նախաձեռնությունները` պնդում է Կենտրոնական Ասիայով զբաղվող ամենահայտնի ռուսաստանցի փորձագետներից մեկը՝ Արկադի Դուբնովը։ «Կոմերսանտին» տված հարցազրույցում Դուբնովը նշում է. «Նա պարզապես ստիպված է դիմել այս քայլին, որպեսզի ամրապնդի իր ինքնուրույն լեգիտիմությունը՝ վերջնականապես ազատվելով Նազարբաևի հետնորդի իմիջից»։

Տոկաևի այսօրվա հայտարարություններից հետո պահպանվող գլխավոր ինտրիգը, սակայն, մեկն է։ Բանն այն է,որ Ղազախստանի նախագահի հայտարարություններից դատելով՝ առաջիկա ընտրությունները անցնելու են գործող Սահմանադրության դրույթների համապատասխան, ինչը նշանակում է, որ Տոկաևը վերընտրվելու է հինգ, այլ ոչ թե յոթ տարով։ Այդ դեպքում ո՞ւմ համար է Ղազախստանի նախագահը նախապատրաստում յոթնամյա ժամկետը։ Արկադի Դուբնովի համոզմամբ. «Տոկաևը դեռ պետք է ապացուցի, որ նոր յոթնամյա ժամկետը ոչ թե իր համար է, այլ Ղազախստանի նոր առաջնորդի։ Ամեն դեպքում, Տոկաևը հինգ տարի տարի հետո 74 տարեկան կլինի, և հավանական է, որ հենց ինքն էլ չի ցանկանա վերընտրվել, այն էլ յոթ տարով»։

XS
SM
MD
LG