Մատչելիության հղումներ

Հաստատակամ ենք տեղում գնահատելու Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը. Ռաֆայել Գրոսսի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը ժամեր առաջ ժամանել է ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայան, որն արդեն մի քանի ամիս է, գտնվում է պատերազմական գործողությունների կենտրոնում։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է առաքելության ավտոշարասյունը մտնում կայանի տարածք։ Չնայած ատոմակայանի շուրջ մարտերը վերջին օրերին էլ ավելի են թեժացել՝ առաքելության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ հաստատակամ են մնալ և գնահատել դրա անվտանգությունը. - «Մենք տեղեկացված ենք ներկայիս իրավիճակի մասին։ Ռազմական ակտիվություն կա, նույնիսկ այս առավոտյան, մի քանի րոպե առաջ․․․ Սակայն մենք կանգ չենք առնում։ Ուկրաինայի տարածաշրջանային ռազմական հրամանատարից տեղեկացել եմ հնարավոր սպառնալքիների մասին։ Սակայն ծանր ու թեթև անելով՝ այսքան գալով, մենք չենք կանգնում»։

Գործակալությունը ծրագրում է մշտական ներկայացուցչություն հաստատել Զապորոժիեի ատոմակայանում՝ միջուկային վթարը կանխելու համար, ասել էր կազմակերպության ղեկավարը։

Մինչ փորձագետները կուսումնասիրեն Ռուսաստանի սկսած պատերազմի հետանքով տեղում ստեղծված իրավճակը, կայանի շուրջը մարտերը ուժգնանում են, կողմերն էլ իրար են մեղադրում միջուկային տեսուչների այցից առաջ սարդրանքներ հրահրելու համար։ Կիևը պնդում է, թե ռուսական բանակն է հրետակոծել կայանից ոչ հեռու գտնվող Էներգոդար քաղաքը, որի հետևանքով դադարեցվել է ատոմակայանի երկու ռեակտորներից մեկի աշխատանքը, խաղաղ բնակիչներ են զոհվել։

«Ռուսաստանը ցուցադրական հարվածներ է հասցնում Էներգոդարին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության պաշտոնական երթուղու երկայնքով, որպեսզի դրանում մեղադրի Ուկրաինային», - Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը՝ հավելելով. - «Սա ցույց է տալիս, թե իրականում որքան է շահագրգռված ռուսական կողմը միջուկային տեսուչների այցով»։

Ռուսաստանի արտգործնախարարը, մինչդեռ, այսօր պնդել է,թե ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ կայանի տարածքն անվտանգ մնա, ու առաքելությունն իրականացնի իր բոլոր ծրագրերը. - «Նրանք ասում են՝ մանդատ չունեն որոշելու մեղավորներին։ Սակայն իհարկե նրանց ցույց կտան բոլոր այն հետքերը, որոնք մնացել են ուկրաինական կողմի ռմբակոծությունների հետևանքով»։

Իսկ Մոսկվան ուկրաինական ուժերին է մեղադրում ատոմակայնի տարածքը հրետակոծելու և այն գրավելու փորձերի համար։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, շուրջ 60 ուրկաինացի զինվորական նավակներով ացնել է Կախովի ջրամբարը, ինչպես պնդում է ռուսական ռազմական գերատեսչությունը՝ խափանելու համար միջազգային տեսուչների այցը։

Մարտերի թեժացման ֆոնին «Ռոյթերսը», հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին, հայտնում է, որ ՄԱԿ-ի փորձագետները նախատեսվածից ավելի կարճ կմնան ատոմակայանի տարածքում։ Առաքելության ղեկավարն այսօր ասել էր, թե այն կարող է մի քանի օր տևել։

Ուկրաինայի հարավում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել պատերազմի առաջին օրերին՝ մարտից։ Սակայն այն մինչ այս պահը միացված է Ուկրաինայի էլեկտրական ցանցին ու ղեկավարվում է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության կողմից։

Միջազգային հանրությունը շարունակաբար ահազանգում է թեժ մարտերի հետևանքով հնարավոր միջուկային աղետի մասին։ Երեկ Պրահայում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ռուսական կողմը «խաղում է միջուկային անվտանգության հետ». - «Մենք քննարկում ենք, օրինակ, այն աղետալի ազդեցությունը, որ պատերազմը կարող է ունենալ, եթե Ռուսաստանը շարունակի խաղը ուկրաինական ատոմակայանների շուրջ, մասնավորապես՝ Զաբորոժիեի»։

Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը կրկին կոչ է արել Մոսկվային ապառազմականացնել կայանը։ Չնայած Արևմուտքի ու միջազգային փորձագետների տևական հորդորներին, ռուսական կողմը մերժում է հեռացնել սեփական զինուժը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանից։

Հաստատակամ ենք տեղում գնահատելու Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը. Ռաֆայել Գրոսսի
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG