Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ատոմակայան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ավտոշարասյունն այսօր ժամանել է Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի ատոմակայան։

Ռաֆայել Գրոսսի
Ռաֆայել Գրոսսի

Կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ առաքելությունը մտադիր է մի քանի օր անցկացնել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում, որն արդեն մի քանի ամիս է, հայտնվել է պատերազմական գործողությունների թիրախում. - «Մենք գնում ենք պատերազմական գոտի, օկուպացված տարածք։ Սա պահանջում է հստակ երաշխիքներ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլև Ուկրաինայի Հանրապետությունից»։

Մարտ ամսից ատոմակայանը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից, և մինչ օրս Մոսկվան և Կիևը պարբերաբար միմյանց են մեղադրում այն գնդակոծելու համար։ Ռուսական բանակը խաղաղ բնակիչներին չի թողնում դուրս գալ կայանի հարակից, մշտապես գնդակոծության տակ գտնվող Էներգոդար քաղաքից, «Ազատությանն» ասել է քաղաքապետ Դմիտրի Օռլովը. - «Բնակչության մեջ խուճապ է տիրում։ Մարդիկ փորձում են հնարավորինս շուտ լքել քաղաքը և գնալ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք, սակայն օկուպանտներն այստեղ էլ արգելքներ են ստեղծում, նրանց դուրս չեն թողնում»։

Օռլովի հաշվարկներով, մինչև պատերազմը քաղաքում բնակվում էր մոտ 50 հազար մարդ։ Նրանց կեսն արդեն հեռացել է։

Թեժ է իրավիճակը Ուկրաինայի և' հարավում, որտեղ ուկրաինական ուժերը երկու օր առաջ հակահարձակում են սկսել, և' արևելքում, որտեղ ռուսական կողմն է փորձում առաջ գնալ և գրավել Դոնեցկի մարզի ողջ տարածքը։

Ըստ որոշ ուկրաինացի պաշտոնյաների և արևմտյան ռազմական փորձագետների, Ուկրաինայի զինված ուժերը անցած օրերին կարողացել են ճեղքել ռուսական պաշտպանական գծերը։ Սակայն ուկրաինացի զինվորականները հորդորում են լրագրողներին ու ականատեսներին շատ տեղեկություններ չհրապարակել կատարվածի մասին՝ բանակի գործողություններին չվնասելու պատճառաբանությամբ։ Ռուսական կողմը մինչդեռ, պնդում է, որ Կիևի հարձակումը ձախողվել է, սակայն ապացույցներ չի ներկայացնում։

Իրարամերժ այս տեղեկություններին ֆոնին երեկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ուկրաինան սկսել է Ղրիմից բնակչության տարհանման ուղիներ մշակել։ Բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերում գրել է, թե Ուկրաինայի համար ամենակարևորը սեփական քաղաքացիների կյանքն է։

Մինչ այդ ռուսական ուժերը շարունակում են ուկրաինական բնակավայրերի, մասնավորապես Խարկովի և Նիկոպոլի ռմբակոծությունը։ Հարվածները սաստկացրել է նաև ուկրաինական կողմը։ Ռազմական փորձագետների կանխատեսումներով, մարտերը աշնանը կարող են է'լ ավելի թեժանալ։

Հակամարտությունը խաղաղ կարգավորելու նշաններ առայժմ չկան

«Մենք ողջունում ենք Թուրքիայի միջնորդական առաքելությունը, սակայն կարծում ենք, որ այսօր Ռուսաստանը պատրաստ չէ բանակցությունների», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում երեկ ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ - «Ես շարունակում եմ հավատալ, որ կգա այն օրը, երբ ռուս առաջնորդը կգա Ուկրաինա, ծնկի կիջնի ռուսական ագրեսիայի զոհերի հուշարձանի առջև և ներողություն կխնդրի ուկրաինացի ժողովրդից այն չարիքի համար, որը կատարվել է մեր հանդեպ։ Եվ երբ դա տեղի ունենա, դա կլինի Ուկրաինայի վերջնական հաղթանակը»։

Դմիտրի Կուլեբա
Դմիտրի Կուլեբա

Ի դեպ, խոսելով Թուրքիայի մասին, Կուլեբան փաստել է՝ Անկարան մի կողմից աջակցում է Ուկրաինային, մյուս կողմից՝ ակտիվ համագործակցում Ռուսաստանի հետ. - «Իսկապես կան թեմաներ, որոնք մեզ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնում»։

Կուլեբան, մասնավորապես, նշել է վերջին միջադեպը, երբ Ռուսաստանը Ս-300 համալիրը տեղափոխեց Բոսֆորով։

«Հարցեր ունենք», - ասում է նա՝ հավելելով, թե նախօրեին այդ պատճառով արտգործնախարարություն են կանչել Թուրքիայի դեսպանին։

Պաշտոնական Կիևը միաժամանակ ընդգծում է, որ Թուրքիան Ուկրաինայի համար ընդհանուր առմամբ բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG