Մատչելիության հղումներ

«Չկա ռազմական հանցագործություն, որը ռուս օկուպանտները դեռ չեն արել Ուկրաինայի տարածքում». Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսակապով ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսակապով ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Ռուսաստանն այսօր պաշտոնապես հայտարարեց, թե Ուկրաինայի սեփական ուժերն են գնդակոծել Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային կայարանը, որի հետևանքով, ըստ ուկրաինական կողմի, երեկ զոհվել է առնվազն 25 մարդ, այդ թվում երկու երեխա։ Հարվածը հասցվել էր Ուկրաինայի անկախության օրը, ճիշտ այն ժամանակ, երբ երկրի նախագահը տեսակապով ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Զելենսկին առաջինը հաղորդեց հարձակման մասին՝ կոչ անելով դաշնակիցներին միավորվել. - «Չկա ռազմական հանցագործություն, որը ռուս օկուպանտները դեռ չեն արել Ուկրաինայի տարածքում։ Բայց եթե Ռուսաստանը չկանգնեցվի հիմա և Ուկրաինայում, եթե չկանգնեցվի Ուկրաինայի հաղթանակով, ապա այս բոլոր ռուս մարդասպաններն անխուսափելիորեն կհայտնվեն այլ երկրներում։ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա։ Ռուս պատերազմական հանցագործների հետքերն ամենուր են, և մենք բոլորս պետք է հնարավորինս արագ համախմբվենք և վճռական լինենք»։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ուկրաինային անկախության օրվա առթիվ, հայտարարել էր, որ Վաշինգտոնը ևս 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի։

«Ամերիկյան աջակցության այս ծավալն աննախադեպ է և ցույց է տալիս մեր անսասան աջակցությունը ազատ ու ժողովրդավար Ուկրաինային», - երեկ Սպիտակ տանը հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը՝ հավելելով. - «Մատակարարումները կսկսվեն առաջիա ամիսներին և կշարունակվեն գալիք տարիների ընթացքում։ Թեև այս կարողությունների մեծ մասը նախատեսված չէ աջակցելու հենց այսօրվա պատերազմին, սակայն դրանք կկազմավորեն Ուկրաինայի ապագա հզոր զինված ուժերի ողնաշարը առաջիկա տարիների համար»։

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բաերբոքն էլ, ընդունելով, որ Ուկրաինային զենքի մատակարման պատճառով Գերմանիայում արդեն խնդիրներ են առաջացել սեփական պաշարների հետ, միաժամանակ պնդել է, թե իր երկիրը հնարավոր ամեն ինչ կանի, որ պատերազմում հաղթի ուկրաինական կողմը. - «Չգիտեմ արդյո՞ք Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, սակայն Գերմանիան կանի հնարավոր ամեն ինչ դրա համար։ Ուկրաինան արդեն վեց ամիս է, ինչ պայքարում է իր ազատության և Եվրոպայի խաղաղության համար»։

Վերջին ամիսներին իրավիճակը ռազմի դաշտում էականապես չի փոխվել ՝ ռուսական զորքերը շատ դանդաղ են առաջ շարժվում Դոնեցկի մարզում և ինտենսիվ ռմբակոծում են ուկրաինական բնակավայրերը։

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինստիտուտի համաձայն, հուլիսի 16-ից, երբ դադարից հետո ռուսական զորքերը վերսկսեցին հարձակումը, մինչ օրս կարողացել են գրավել մոտ 450 քառակուսի կիլոմետր՝ մոտավորապես Անդորրայի չափ տարածք։

Իսկ մարտի 21-ից, երբ ռուսական զորքերը սկսեցին թողնել Կիևի մարզը, ռուսական բանակը ընդհանուր առմամբ դուրս է եկել նախկինում գրաված մոտավորապես 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքից։ Սա ավելին է, քան, օրինակ, Դանիայի տարածքը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG