Մատչելիության հղումներ

Կառավարությունը «չի փոխհատուցի» «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին


Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» ողբերգական պայթյունից տուժած տնտեսվարողներին, այսօր կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տնտեսվարողները փոխհատուցում կստանային, եթե նրանց գույքն ապահովագրված լիներ, նկատեց նախարարը՝ շեշտելով՝ կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերության ֆունկցիա իր վրա վերցնել։

Քերոբյանը կոչ արեց ընկերույթուններին՝ սովորել աշխատել բարձր ստանդարտներով և ապահովագրել անշարժ գույքը, բիզնեսը։

«Եթե այդ միջավայրում աշխատած տնտեսվարողներն ապահովագրած լինեին իրենց գույքը, իսկ այդ ծառայությունը հասանելի է և ինչ-որ մեկն արել է, գրագետ բիզնեսները դա անում են՝ ապահովագրել են իրենց տարածքը, գույքը հրդեհից և այլն, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը, և եթե գործարարը չի համարել էդ ռիսկը մեծ, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի», - ասաց նախարարը։

Առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 տարեկան երեխա և հղի կին, ավելի քան վեց տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի 10-րդ օրը որոնողականա աշխատանքները դադարեցվեցին, անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի դին այդպես էլ չհայտնաբերվեց։ «Սուրմալուի» պայթյունից ավելի քան մեկ շաբաթ անց գործով որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա։ Մինչ այս պահը չի հարցաքննվել նաև առևտրի կենտրոնի սեփականատերը։

XS
SM
MD
LG