Մատչելիության հղումներ

Այսօր սկսվեց Սամվել Դարբինյանի դեմ դատավարությունը. փաստաբանը պնդում է՝ հայցն անհիմն է


Այսօր սկսվեց Վանաձորի նախկին քաղաքապետի դեմ դատավարությունը, որով ներկայիս ղեկավարությունը Սամվել Դարբինյանից պահանջում է վերականգնել պաշտոնավարման տարիներին քաղաքին պատճառած ավելի քան 60 միլիոն դրամի վնասը։ Թեև հայցը համայնքապետարանն էր ներկայացրել, բայց տեղական իշխանություններից որևէ մեկն այսօր դատարան չէր ներկայացել՝ առանց պատճառաբանության։

Դարբինյանի փաստաբան Հարություն Հարությունյանը պնդեց՝ հայցն անհիմն է, Դարբինյանն՝ անմեղ։

«Քանի անձի մասով չկա մեղադրական դատավճիռ, ինքը անմեղ ա, դա Սահմանադրության պահանջն ա, էս դեպքում չկա մեղավորությունը փաստող դատավճիռ ուժի մեջ մտած, հետևաբար այդ ակտի մեջ ամրագրված ենթադրյալ խախտումները չեն կարող իրավաչափ համարվել: Այսինքն՝ ստացվում է, եթե անձը համայնքի ղեկավար է, իր բարեկամների իրավունքը պետք է սահմանափակվի, համայնքի որոշակի գույքի աճուրդի կամ այլ մրցույթների մասնակցելու, դա էլ իրավական տրամաբանությունից չի բխում», - ասաց փաստաբանը:

Դեռ անցած տարի դատարանը քննել է Դարբինյանի դեմ քրեական գործն, ըստ որի նախկին քաղաքապետը իշխանավարման 18 տարիներին Վանաձորի բազմաթիվ հողամասեր, տարածքներ ու շենք-շինություններ կեղծիքներով ու անօրինականություններով սեփականաշնորհել է հարազատների ու մտերիմների անունով։ Միևնույն ժամանակ թե՛ նախագահել է աճուրդային հանձնաժողովը, թե՛ մրցույթ անցկացրել ու դրան մասնակից դարձրել իր եղբորը, որդուն կամ մերձավոր հարազատներին, ինչն արգելվում է օրենքով։ Հաջողել է անգամ պետական հուշարձանների ցանկում ներառված կենտրոնական հրապարակի տարածքները վաճառել որդուն և հորեղբորորդուն՝ առանց մրցույթի կամ ավագանու համաձայնության։

Թեև քննիչները մանրամասն նկարագրել էին դեպքերը, սակայն մեղադրանքներն այդպես էլ դատավճիռ չդարձան։ Քրեական հետապնդումն ուղղակի դադարեցվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։ Ինքը՝ Դարբինյանը չընդունեց մեղքը։ «Ազատությանն» էլ ավելի վաղ ասել էր, թե դրանք հորինված մեղադրանքներ են։

«Աշխատանքային բոլոր գործողությունները կատարել եմ օրենքի տառին համաձայն, մտածում են, որ միանձնյա եմ արել: Ես աճուրդի եմ դրել, իմ տղան էլ, ինչպես բոլոր քաղաքացիները, ինքն էլ ա քաղաքացի եղել», - նշել է Դարբինյանը:

Այսօր էլ նրա փաստաբանը պնդեց, թե առարկություններ ունեն վնասի չափի վերաբերյալ։ Ինչպե՞ս է որոշվել 61 միլիոնը, ասում է փաստաբանն ու պնդում, թե իրենց հաշվարկներով Դարբինյանը տարածքների վաճառքով նույնիսկ օգուտ է տվել համայնքին։

«Եթե մանրամասն հետազոտվի այդ ժամանակահատվածում գույքերի արժեքը, միանշանակ կփաստվի, որ Սամվել Դարբինյանը մի բան էլ բյուջեին օգուտ է տվել, օրենքով կարող էր նաև ավելի ցածր գնով վաճառել», - ասաց Հարությունյանը:

18 տարի Վանաձորը ղեկավարած Սամվել Դարբինյանի նկատմամբ քրեական գործերը չեն ավարտվել։ Մեկ այլ գործով նա քաղաքի նախկին մշակույթի տան երկհարկանի շենքը և հարակից շինություններն օտարել է իր քրոջ փեսային։ Քրեական գործը դեռ շարունակվում է, մինչդեռ անցած տարիներին Դարբինյանի ընտանիքն անարգել շարունակել է շինարարությունը՝ մշակույթի տունը առևտրի կենտրոն է դարձրել, բիզնես է անում։

Օրերս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խուսափեց ուղիղ պատասխանել «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից իրավապահները մեղադրանքներ են ներկայացնում ու վնասի փոխհատուցում պահանջում, մյուս կողմից Դարբինյանը ոչ միայն ազատության մեջ է, այլև անարգել շարունակում է ունեցածը տնօրինել։ Մինչդեռ նրան փոխարինած Մամիկոն Ասլանյանը նմանատիպ մեղադրանքներով արդեն 9 ամիս բանտում է։

«Ես զերծ կմնամ իրավական գնահատական տալուց: Եթե խոսքը վերաբերում է՝ Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ, ոչ, Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ չէ: Հիմա դատական գործընթացներ են, եկեք չշտապենք, սպասենք, երբ որ կլինի դատական վճիռ այն ժամանակ արդեն կխոսենք և մեր գնահատականը կտանք», - նշեց Խաչատրյանը:

Սամվել Դարբինյանի դեմ փոխհատուցման պահանջով դատական հաջորդ նիստը տեղի կունենա երկու ամիս հետո։

XS
SM
MD
LG