Մատչելիության հղումներ

Սամվել Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, համայնքապետարանը, սակայն, կարող է գույքը վերականգնելու հայցով դիմել դատարան


Վանաձորը17 տարի ղեկավարած նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներով հարուցված քրեկան գործը երկու տարի քննելուց հետո հասել էր դատարան։ Բայց վարույթ ընդունելուց ընդամենը 4 օր անց, դատարանը որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Թեև պաշտոնեական դիրքը չարաշահելու, և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրված Դարբինյանը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը, իրեն մեղավոր չի ճանաչել, բայց նաև չի առարկել որպեսզի վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, լրագրողներին հայտնեց Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

«Այդ որոշումը թույլ է տալիս մեզ ենթադրելու, որ փաստվում է կոնկրետ անձի կողմից նշված արարքները կատարելու հանգամանքները», - ասաց Գաբրիելյանը։

Դատախազը նշեց՝ նախաքննության ընթացքում Սամվել Դարբինյանը չէր համաձայնել նույն՝ վաղեմության ժամկետն ացնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Թե ինչո՞ւ դատարանում արդեն ամբաստանյալի կարգավիճակ ունեցող նախկին քաղաքապետը նման ցանկություն է հայտնել, պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց.- «Քանի որ էսքան՝ միայն 2,5 տարի նախաքննությունն էր տևել, ուղարկել էին դատարան, դատաքննությունը եռաստիճան դատական համակարգով ով գիտի՝ ինչքան կտևի, ինքը 62 տարին բոլորել է, առողջական խնդիրներ կան, հոգնել է, զզվել է այդ ձգձգումներից։ Բացի այդ՝ քաղաքական պատվեր է, և իրավապահ մարմիններն ու դատարաններն ակնհայտ քաղաքական ճնշման տակ են, հետևաբար ինքը չի առարկում, որպեսզի էդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի», - ասաց փաստաբանը։

Նախկին համայնքապետը, որ 15 տարի առաջ ղեկավարելով աճուրդային հանձնաժողովները, միանձնյա որոշումներ է կայացրել իր որդուն ու ազգակիցներին քաղաքի կենտրոնական հատվածներում տարածքներ նվիրելու մասին, դատարան ուղարկած իր դիմումում նշել է, թե երբևէ որևէ հանցանք չի կատարել, ի վնաս համայնքի չի գործել, ասաց փաստաբանը։

«Դարբինյանները մեծ ազգ են, եթե իր որդին ինչ-որ մի բան շահել է տասնյակ տարիներ առաջ, կամ մի 15 տարի առաջ, չեմ հիշում, դա ի՞նչ է, նշանակում է, որ համայնքապետը խախտում է արե՞լ», - ասաց Հակոբյանը։

Լոռու դատախազը դիմել է Վանաձորի համայնքապետարան, Լոռու մարզպետարան ու Տարածքային կառավարման նախարարություն՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել՝ նախկինում համայնքին պատկանած 5 տարածքները քաղաքին վերադարձնելու ուղղությամբ։

Համայնքապետարանը կարող է արդեն քաղաքացիական հայցով դիմել դատարան ու դատարանի վճռի դեպքում հետ ստանալ այդ տարածքները, շենք-շինությունները։

Մարզի դատախազն ասում է՝ Սամվել Դարբինյանը, դատարանի վճռի դեպքում, կվերականգնի նաև այդ շինություններին հասցված վնասը, որն, ըստ իրավապահների հաշվարկների, կազմում է 61 միլիոն դրամ։

«Մենք Քրեական դատավարությամբ սահմանված կարգով հիմնավորել ենք անձի կողմից էս արարքները կատարելու հանգամանքը, ու այդ դատական ակտը, որը կայացրել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, թույլ է տալիս որպեսզի համայնքի իրավասու անձինք նշված գույքը համայնքի հաշվեկշիռ բերելու, ինչպես նաև պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ համապատասխան հայցեր ներկայացնելու համար», - ասաց Կարեն Գաբրիելյանը։

Ըստ մարզի դատախազի, Վանաձորի համայնքապետարանը պետք է, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմի դատարան։

XS
SM
MD
LG