Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը կկարողանա առգրավել փողոցներում վաճառվող ապրանքը․ առևտրականները վրդովված են


Մայրաքաղաքի փողոցներում միրգ-բանջարեղեն վաճառողները վրդովված են․ Կառավարության երեկվա որոշմամբ, քաղաքապետարանը կկարողանա առգրավել դրսում վաճառվող իրենց ապրանքը։

«Եթե էս անտերը չթողեն ծախել, ո՞նց ա ապրելու էս ժողովուրդը», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց առևտրականներից մեկը։ Զրուցակիցներից մեկն էլ հավելեց․ - «Թող թողեն ծախենք էլի, գոնե հացի կարոտ չմնանք»։

Փողոցային առևտուրը, բացառությամբ որոշ ապրանքների, արգելված է, սակայն, անգամ մայրաքաղաքի ամենակենտրոնական հատվածներում ինչ ասես՝ չի վաճառվում՝ սննդից մինչև ընտանի կենդանիներ։ Երևանի գլխավոր ճեմուղին էլ երեկոյան ժամերին «առևտրի կենտրոնի» է վերածվում։ Ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունները խնդիրը լուծել չեն կարողանում։ Վերահսկողը քաղաքապետարանն է, բայց դժգոհում են, թե բավարար լիազորություններ չունեն։

Գործող կարգի համաձայն, բացօթյա առևտրով զբաղվողները կարող են տուգանվել 70-ից 100 հազար դրամով։ Տուգանքի արձանագրությունները, սակայն, հիմնականում թղթի վրա են մնում։ Սա իրենք՝ առևտրականներն էլ չեն թաքցնում։

«Էնա, մինչև հարկային մի քանի հատ ունեմ, ինչո՞վ վճարեմ», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Հրաչյա Սարգսյան
Հրաչյա Սարգսյան

Անցած ամիս ստուգայցերի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցները արգելված առևտրի 130 դեպք էին արձանագրել։ Նրանք առևտրականներին հորդորում են լքել տարածքը, վերջիններս, սակայն, րոպեներ անց վերադառնում են՝ ապրանքը կրկին փողոցում շարում, անվերջ թվացող մի շղթա է:

Այժմ քաղաքապետարանն առաջարկում է ընդլայնել լիազորություններն ու հնարավորություն տալ՝ տուգանքի արձանագրություններ կազմելուց բացի նաև առգրավել փողոցում վաճառվող ապրանքը։ Սա, ըստ քաղաքային իշխանությունների, կանխարգելիչ ազդեցություն կունենա։

Նախագիծը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մանրամասնեց․ - «Կարգը հետևյալն է, որ չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում, Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանման վարչությունը վերահսկողություն իրականացնելու դեպքում պետք է արձանագրի, որ չթույլատրված վայրում այդ առևտուրն իրականացվում է, քաղաքացին վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի, որից հետո այդ սնունդը, կենդանիները կամ այն միջոցները, որ ծառայություն են իրենք մատուցում, պետք է առգրավվեն»։

Օրենքի ուժ ստանալու համար Երևանի քաղաքապետարանի այդ նախաձեռնությունը պետք է ընդունվի Ազգային ժողովում։ «Ազգային ժողովի առաջիկա օրակարգում դա կներառվի», - ասաց Սարգսյանը։

Արդյո՞ք սեփականության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց չի լինելու քաղաքային իշխանությունների կողմից առևտրականներին պատկանող ապրանքի բռնագրավումը։

«Փոփոխությունները, որ առաջարկում ենք՝ մենք բռնագանձում ենք, ապա դրանից հետո դիմում ենք դատարան, այդտեղ միայն սնունդն է բացառություն, սնունդի դեպքում այդ հակահիգիենիկ վիճակներն ակնհայտ են, որ էդ սնունդը պետք է վերացվի: Եթե պարզվի, որ մենք վարչարարությունը սխալ ենք կատարել, մենք փոխհատուցում կտանք», - ասաց Հրաչյա Սարգսյանը

Ի՞նչ այլընտրանք ունեն առևտրականները։ Տարիներ շարունակ նրանց հորդորում են շուկաներ տեղափոխվել։ Առևտրականները, սակայն, համոզված են՝ այնտեղ նույն եկամուտը չեն ունենա:

«Ազատության» հետ զրույցներում գրեթե բոլոր առևտրականներն էին շեշտում՝ «ինչ էլ անեն, չենք գնալու»։

XS
SM
MD
LG