Մատչելիության հղումներ

«Ի՞նչ անենք, էդքան համբերել ենք, էլի կհամբերենք». երկրաշարժից տուժած Հակոբյանների ընտանիքը դեռ բնակարանի է սպասում


Գյումրեցի 64-ամյա Մանվել Հակոբյանը կյանքի կեսից ավելին՝ 34 տարի տնակում է անցկացրել, ու դեռ պարզ չէ՝ քանի տարի դեռ պիտի ապրի կիսախարխուլ պատերի տակ։ 88-ի երկրաշարժի ժամանակ կորցրել է կնոջն ու 4 երեխաներին: Ու թեև զոհ ունեցող ընտանիքներն առաջնահերթ կարգով էին բնակարան ստանում, սակայն մինչ օրս 7-րդ կետի իր հերթին է սպասում:

«Մինչև հիմա սպասում եմ, որ տան, խաբեցին, խաբեցին, թե կլինի: 7-րդ կետ, հլը 7-րդ կետն եմ: Իրենց մոտ կամ, ցուցակի մեջն եմ, իրենք էլ էստեղ սաղ գրեցին, գնացին», - «Ազատությանն» ասաց նա:

Թոշակով ապրող, մի կերպ ծայրը ծայրին հասցնող ընտանիքը բնակարանի հարց ինքնուրույն լուծել չի կարող: Ասում է` պետությունը պարտք է, կսպասի, մինչև փոխհատուցի կորցրած 2 սենյականոց բնակարանը. «Համբերելու ենք, ի՞նչ անենք, էդքան համբերել ենք, էլի կհամբերենք: Հլը որ կհամբերենք, տեսնինք` մինչև երբ կլինի, երբ եղավ-եղավ, ի՞նչ անենք, հլը որ կանք»:

4 տարի առաջ կառավարությունը Գյումրիում անցկացրած արտագնա նիստում որոշեց աշխատանքային խումբ ստեղծել՝ ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքները հաշվառելու, լուծման տարբերակներ առաջարկելու համար։ Մինչ այժմ աղետի գոտու 3 մարզերում շուրջ 7000 ժամանակավոր կացարան է հաշվառվել, ամենաշատը Գյումրիում՝ մոտ 2700: Հաշվառել են, ցուցակը կազմել, բայց սայլը տեղից չի շարժվել, թեև աշխատանքային խմբի անդամներից Լևոն Բարսեղյանն անձամբ է այս մասին կառավարությանը հիշեցրել:

«Մի հանդիպման ժամանակ` այս տարի, ես վարչապետին հիշեցրել եմ այդ ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որ նման բան է եղել, էսքան գործ է արվել, վերջապես դա պիտի առաջ տալ: Կամ պիտի հանրությանը ասվի` ժողովո՛ւրդ ջան, չենք անելու, հույսներդ կտրեք, ամեն մեկդ ձեզ համար յոլա գնացեք:

Սրանք ամեն անգամ իշխանությունից իշխանություն, ձեռքից ձեռք փոխանցվող պատմություններ են, բոլոր իշխանություններն էլ` Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան, խոստացել են ինչ-որ բաներ անել, արել են ինչ-որ բաներ, տարբեր տարիներին տարբեր շինարարություններ եղել են: Եվ ահագին բան չի արվել, էդ չարվածը մնացել, սկսել է «ծաղկել, բողբոջներ տալ, ճյուղավորվել», և այդ տնտեսությունները շարունակում եմ մնալ, և այդ մարդիկ շարունակում են ապրել խայտառակ պայմաններում», - նշեց Լևոն Բարսեղյանը:

Աշխատանքային խումբը խնդրի լուծման մի քանի տարբերակ է առաջարկում՝ սոցիալական բնակարանների տրամադրումից մինչև բնակարանների գնման վկայակագրեր: Ընդհանուր խնդրի լուծման համար, ըստ մոտավոր հաշվարկների, 250 միլիոն դոլար կպահանջվի։

«Իսկապես գաղափարը եղել է այն, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որը պատկերը քարտեզագրի, հաշվի, 19 թվականի վիճակով շինանյութը ուրիշ գին ուներ, ու դնի կառավարության առաջ, ասի` սա է, և կառավարությունը նայի, ասի` ահա, մենք ուզում ենք սա ստանձնել` այս գործը կամ չենք ուզում ստանձնել, թող մնա` ինչպես կա», - ասաց նա:

Մինչ հերթական կառավարության հերթական աշխատանքային խումբն է հաշվարկներն ամփոփում ու խնդրի լուծման տարբերակներ գծում, Հակոբյանների տանը երկրաշարժից հետո ծնված երրորդ սերունդն է մեծանում։ Թոռը աղետի մասին միայն մեծերից է լսել, բայց ստիպված է մանկությունն անցկացնել դրանից տուժած, արդեն կիսաքանդ տնակում։

XS
SM
MD
LG