Մատչելիության հղումներ

Որոնողա-փրկարարական աշխատանքները սիրողական մակարդակի էին․ Պիպոյան


Որոնողա-փրկարարական աշխատանքները սիրողական մակարդակի էին, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ նկատելով՝ պարտադիր չէ, որ մի կամավորի գլխին քար ընկներ, տեղում մահանար, նոր հասկանային, որ էսպես չեն կազմակերպում այդ աշխատանքները։

Կամավորներն առանց համապատասխան արտահագուստի էին, ակնոցի, գլխարկի, դիմակի՝ կեղտի-փոշու մեջ, նկատեց Պիպոյանը՝ շեշտելով՝ պարտադիր չէ՝ ինչ-որ մեկն օգնելու ցանկությամբ գնար՝ չունենալով առողջական խնդիր, տեղում բախվեր պրոբլեմի, նոր հասկանային, որ սրա համար կազմակերպչական ձև կա։

Պիպոյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Պիպոյան․ - Որպեսզի հասկանանք, թե ինչ մակարդակի սիրողականությամբ է, հեչ պարտադիր չի, որ մի կամավորի գլխին քար ընկներ, տեղում մահանար, նոր մենք հասկանանք, որ էսպես չեն կազմակերպում որոնողա-փրկարարական աշխատանքները։ Հեչ պարտադիր չի, որ ինչ-որ մեկն օգնելու ցանկությամբ գնա՝ չունենալով առողջական խնդիր, տեղում բախվի պրոբլեմի, նոր հասկանանք, որ սրա համար կազմակերպչական ձև կա։

Առանց համապատասխան արտահագուստի, առանց համապատասխան ակնոցի, առանց համապատասխան գլխարկի, դիմակի՝ կեղտի-փոխու մեջ։ Կան վիդեոներ, որտեղ պարզ երևում է՝ ոնց է հրշեջի ձեռքից վերցնում պրոֆեսիոնալ օգտագործման սարքը քաղաքացիական հագուստով մարդը, էդ գործն անում։ Եթե, Աստված մի արասցե, մենք ունենայինք վատ դեպք, կասեին՝ «էդ մարդիկ ի՞նչ գործ ունեին այդտեղ», հիմա բոլորս ոգևորված ասում ենք՝ «կեցցեն մեր տղաները, որ գնացին էս արեցին»։

Չէ, գիտեք ինչ կա, պետույթունն իր ամբողջական ռեսուրսը ներդնում է, հետո հասկանում է, որ չի բավականացնում, ասում է՝ «խնդրում եմ՝ եկեք», արտահագուստը տալիս է, կամ ով էլ չունի, ասում է՝ «չունես, մի արի»։ էլ չեմ ասում, որ կան ընթացակարգեր, կան վերապատրաստում անցած մարդիկ, իսկ, եթե վերապատրաստում անցած մարդիկ ուժային կառույցներում չկան, շատ ավելի վատ մեզ համար, որոնք այդ ամեն ինչն ունեին և կարային ներգրավվեին՝ հնարավորինս արագ էս աշխատանքներն ավարտելու համար։

«Ազատություն»․ - Փոխհատուցումների մասին․ աշխատողները միլիոնների վնասներ են կրել, պետությունը պե՞տք է զբաղվի էս հարցով, նրանց ինչ-որ բան տա։

Պիպոյան․ - Անխոս պետք է զբաղվի պետությունը, որովհետև մեր բիզնեսի ապահովագրության ինստիտուտի ենթակառուցվածքը դեռևս զրոյական մակարդակի վրա է, կարելի է ասել, միայն արտահանման և այլնի պարտադիր պայմանների ժամանակ են միայն գործում։ Այնտեղ կան բիզնեսներ, որոնք տուժել են 100 տոկոսով՝ լրիվ այրվել են, և այդ այն բիզնեսները չեն, որ ասենք՝ «դե կայացած բիզնեսներ էին, սա էլ մի մասնաճյուղն էր», այսինքն՝ ընտանիքներով քարը քարի վրա դրած, կարելի է ասել, ամբողջ կապիտալը, հլը տան կապիտալի կեսն էլ, որովհետև տունն էլ վարկի տակ՝ գրավով ինչ-որ ապրանք է դարձել, էստեղ էր, ու էս մարդիկ, ոչ իրենց մեղքով, հայտնվել են էս ծանր փորձության առաջ։ Պետությունն արդեն պիտի սկսած լիներ հաշվառել։ Կորցրել են մի ամբողջ կարողություն, որը ստեղծել էին տարիների չարչարանքի արդյունքում։

«Ազատույթուն»․ - Մահացածների ընտանքիների՞ն էլ պետք է փող տրվի։

Պիպոյան․ - Անխոս, էստեղ փողի մասին չի, պետությունը պետք է լինի իր քաղաքացու կողքին, պարտադիր չէ դա լինի փողով, նյութական աջակցությունն էլ, հա։ Ամեն ինչը փողին չեն կապում, բայց պետությունը կանգնած է հասարակության, կողքին, մարդիկ պետք է զգան, որ անտեր չեն։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած՝ Գագիկ Կարապետյան և Վանիկ Ամիրխանյան: 62 տուժածներից 4-ը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ Դեպքի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ 50-ից ավելի մարդ արդեն հարցաքննվել է։ Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։

Պիպոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG