Մատչելիության հղումներ

Մասնագետները նշում են՝ Երևանում վերջին ամիսներին օդում փոշու բաղադրությունը գերազանցել է թույլատրելիի շեմը


Լևոն Տեր-Մինասյանը կնոջ ու մանկահասակ երեխայի հետ բնակվում է Կասկադին կից՝ վերին Անտառային նորակառույց թաղամասում։ Նոր բնակարանն արդեն վաճառելու միտք ունի, որովհետև տարին 12 ամիս, դուռ պատուհանները փակ են պահում, որ մաքուր օդի փոխարեն փոշի ու ավազ չշնչեն։

Շենքի շուրջ բոլորն ընթացող կառուցապատումների վերջը չի երևում, դրան զուգահեռ, անտերության մատնված հողե բլրակներ.... մի թեթև քամի ու շինհրապարակի փոշուց և ավազից տանը խեղդվում են։ Քաղաքային իշխանության գրեթե բոլոր պաշտոնյաների դռները թակել է, պատասխանը մեկն է՝ շինարարություն է։

Կենտրոնից բացի՝ փոշում մեջ կորած են նաև Երևանի մյուս վարչական շրջանները, անգամ այն թաղամասերը, որտեղ շինարարություն չկա։ Փոշուց դժգոհ մարդիկ, այդ թեմայով ֆեյսբուքյան մեր փոքրիկ հարցմանն ի պատասխան տեսանյութեր ուղարկեցին՝ «մեր տան կես օրվա փոշին» մեկնաբանությամբ:

Որ Երևանը փոշոտ է, օդն էլ աղտոտված՝ մթնոլորտը հետազոտող մասնագետներն են փաստում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանի 4 վարչական շրջանում տեղադրված դիտակետերով չափել ու պարզել է՝ ամենափոշոտը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններն են, վերջին ամիսներին օդում փոշու բաղադրությունը գերազանցել է թույլատրելիի շեմը։ Բայց սա չի նշանակում, որ մյուս վարչական շրջաններում օդն ավելի մաքուր է, ուղղակի դիտակետեր մյուս վարչական շրջաններում չկան։

«Կարմիր գույնը ցույց է տալիս, որ ամբողջ ամսվա ընթացքում, որովհետև բոլոր օրերի դիմաց կարմիր է, այդ բոլոր օրերին դիտվել են գերազանցումներ: Ամենաբարձր թիվը 0,5-ն է, որը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե 3,5 անգամ», - նշեց կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

Եթե ձեր ավտոմեքենաներին կամ պատուհանագոգերին դեղնավուն փոշի եք նկատել, իմացեք՝ դա Սահարայի փոշին է հասել Հայաստան: Գայանե Շահնազարյանն ասում է՝ գլոբալ տաքացումը նաև այսպիսի վատ անակնկալներ ունի մարդկության համար։ Դրանից բացի, Երևանը փոշու մեջ է հայտնվում նաև իր շուրջը շահագործվող քարի ու ավազի բաց հանքերի, մայրաքաղաքում նոր թափ առած կառուցապատման, ավտոտրանսպորտային արտանետումների և այլ պատճառներով։

Օդը չաղտոտելու կանոնները հիմնականում չեն պահպանվում։ Այսպիսի խախտումներ թույլ տված կառուցապատողներին, տեսչական մարմինը տուգանում է 150.000 դրամով։ Վերջին մեկ տարում 29 շինարարական կազմակերպություն ու 9 հանքավայր է ստուգվել, 42 խախտում արձանագրվել, 2 միլիոն դրամի վարչական տույժ գանձվել։ Մեկ տույժի չափը 50.000 դրամ է։ Այս մարմինը լիցենզիայից զրկելու լիազորություն չունի, բայց կարող է կասեցնել խախտում թույլ տված ընկերությունների աշխատանքը։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանն ասում է՝ հանդիպել են կառուցապատողներին, հանքերի սեփականատերերին և հիշեցրել՝ ինչ անել, որ չտուգանվեն ու ամենակարևորը՝ օդը չաղտոտեն:

«Անթափանց ծածկոց պարտադիր պետք է տեղադրվի, շինհրապարակը պարբերաբար պետք է ջրվի, պահվի հնարավորինս խոնավ վիճակում, որպեսզի քամիների դրական ջերմաստիճանի դեպքում օդում անօրգանական փոշու քանակը չբարձրանա», - ասաց Լաբլաջյանը:

Որպեսզի օդը մաքուր մնա, կառավարությունը սկսել է 1994 թվականից գործող «Մթնոլորտային օդի» մասին օրենքը բարեփոխել, հստակեցնել խաղի կանոնները ընկերությունների համար, խստացնել վերահսկողությունն ու նոր չափորոշիչներ կիրառել։ Իսկ, եթե ավելի պարզ՝ ի՞նչ կտա դա շարքային քաղաքացուն, հարցրինք շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին։

«Օրինակ՝ եթե իր շրջակայքում տեղի է ունենում շինարարություն, որտեղ կա բաց ավազ, որը փոշու աղբյուր է հանդիսանում, արդյոք իրանք իրավունք ունեն մի տեղ ահազանգել, որ մեր մոտ այսպիսի շինարարություն է, ամբողջ ավազը լցվում է մեր տուն, բայց մենք չգիտենք ինքը պիտի էդ ավազը ծածկի, թե չպիտի ծածկի: Մյուսը՝ օրինակ, եթե բեռնատար մեքենան գնում է արդյոք ծածկված պետք է լինի, թե ամբողջ ավազը պետք է լցվի իր ետևից գնացող մեքենայի վրա: Հիմա մարդիկ կիմանան՝ պետությունը դրանով զբաղվում է ու կա այն օրենքը, որը կանոնակարգում է՝ դա ինչպես պետք է լինի: Արդեն մնացածն օրենքը շահագործողի ու քաղաքացու գործառույթն է», - ասաց Գաբրիելյանը:

Մարդու առողջության համար առավել վտանգավոր են փոշու մանր հատիկները, դրանք Հայաստանում չեն հետազոտվում, անհրաժեշտ գործիքներ չկան՝ թանկ են։ Եթե փոշու առավել մեծ մասնիկները մարդը կարողանում է հազի ու փռշտոցի միջոցով դուրս բերել, ապա մանր փոշին հասնում է մինչև ներքին օրգաններ ու արյուն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, մթնոլորտի քիմիական աղտոտումը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ, օդում տարբեր քիմիական էլեմենտներ նպաստում են ինֆարկտի, ծանր ալերգիաների, մաշկի ծերացման և առողջական այլ խնդիրների սրմանը։ Ինչպե՞ս է Հայաստանի օդի աղտոտվածությունն ազդում հանրային առողջության վրա՝ Առողջապահության նախարարությունն այսպիսի հետազոտություն չունի։ Բայց ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանն իր պացիենտների թվի աճից ու գանգատներից է եզրահանգում՝ ալերգիկ դեպքերն ավելացել են:

«Փոշոտվածություն, դրան զուգահեռ գլոբալ տաքացում, զուգահեռ բուսական ծածկույթի ու դրանց ծաղկման սեզոնայնության փոփոխություն ու այս ամեն ինչն իր արատավոր օղակով հետևում է ու այն մարդիկ, ովքեր ալերգիկ են, ունեն ծաղկափոշիների հանդեպ զգայունություն, նրանք տարեցտարի նկատում են, որ էդ բույսերն ավելի երկար են ծաղկում գլոբալ տաքացման հետևանքով, ավելի անոմալ կարող են լինել աշնանը նորից սկսել ծաղկել: Ծաղկափոշու հետ իրենք նաև շնչում են ուղղակի այդ մեխանիկորեն աղտոտված օդն ու դրա հետևանքով նրանց մոտ ավելի դժվար է լինում կառավարել հիվանդությունը», - ասաց Իրիցյանը:

Այս տարի ապրիլին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ծավալուն զեկույցում նշել է, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ դեռ անառողջ օդ են շնչում, ավելի քան 117 երկրներ սկսել են վերահսկել օդի որակն ու քայլեր են ձեռնարկում օդի աղտոտման աղբյուրները կրճատելու ուղղությամբ։ Միջազգային մասնագետներն իրավիճակն առավել պատկերավոր ներկայացնելու համար քարտեզներ են կազմել։ Դրանցից մեկում, կանաչ գույնով այն երկրներն են, որտեղ օդը շատ մաքուր է, դեղինը՝ չափավոր աղտոտված, իրար հաջորդող մնացած բոլոր գույներն արդեն աստիճանաբար ավելի վտանգավոր պատկերն են հուշում։

Մթնոլորտի աղտոտվածության առումով վատթար վիճակում են հիմնականում Հնդկաստանն ու Չինաստանը, այս երկրներում հաճախ արհեստական անձրևներով են պայքարում օդի աղտոտվածության դեմ։ Առավել մաքուր երկրներից են Շվեդիան, Նորվեգիան և այլն։ Ամեն րոպե թարմացվող մասնագիտական այս քարտեզում Հայաստանը մյուս երկրների համեմատ ավելի լավ վիճակում է, բայց պարբերաբար գրանցվում են թույլատրելիից բարձր շեղումներ։ Մեզ դա անզեն աչքով է պարզ, երբ Երևանի գլխին նստած փոշու ամպեր ենք նկատում։ հարևան Վրաստանում տեղադրված թանկարժեք կայանների շնորհվի օրինակ՝ մարդիկ կարողանում են ամեն րոպե տեղեկություն ստանալ, երբ է ուժեղ քամի լինելու, որ հատվածներում է փոշոտ և այլն։

Հայաստանը միջազգային գործընկերների օգնությամբ առաջիկայում նույնպես պատրաստվում է այդպիսի կայաններ ձեռք բերել, եղածներն այսօր այդ ֆունկցիան չեն կատարում։ Հայաստանում օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկությունը երեք օրը մեկ է թարմացվում, բայց անգամ այդ ցուցանիշներով՝ ոչ միայն Երևանում, այլև ողջ երկրում օդի աղտոտվածությունը երբեմն մտահոգիչ ցուցանիշների է հասնում։

Մինչև այդ, բնապահպաններն ահազանգում են՝ փողոցներն ավելի հաճախ պետք է լվանալ, ավելացնել կանաչ տարածքները ու սահմանափակել, կամ խիստ վերահսկել հանքերի գործունեությունը։ Մինչ մասնագետներն օդն են հետազոտում, բնապահպանները կոչեր են հնչեցնում, կենտրոնի բնակիչ Լևոն Տեր-Մինասյանն ամուր փակում է իր տան պատուհանները, որ արդեն ալերգիկ խնդիրներ ունեցող երեխան փոշուց չխեղդվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG