Մատչելիության հղումներ

«Այցելելու ենք դատական լսումներին, որպեսզի ներկայացնենք մեր անմեղության բոլոր ապացույցները». Չալաբյան


Ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ու փաստաբանները այսօրվա դատական նիստի ընթացքում հայտարարեցին՝ թեև չեն հավատում արդարադատությանը, բայց կշարունակեն մասնակցել դատավարությանը, որի ընթացքում էլ պարզ կդառնա հարուցված քրեական գործի անհիմն լինելը։

Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար մեղադրվող Չալաբյանը, որ այս գործը համարում է քաղաքական հետապնդում, կրկին հայտարարեց՝ օրերս իրեն կրկին կալանավորելու որոշումն անհիմն է։

49-ամյա ընդդիմադիր գործիչը 2.5 ամսյա կալանքից հետո ազատության մեջ մեկ շաբաթ անցկացրեց, ապա դատավորի որոշմամբ կրկին կալանավորվեց։ Մնացական Մարտիրոսյանը եզրահանգել էր, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կխոչընդոտի գործի քննությանը։ Թե ինչպես, դատավորը չի մանրամասնել, հայտարարեց Չալաբյանն ու հավելեց՝ Մարտիրոսյանն ընդամենը սեփական դատողություններն է արել:

«Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ դատական լսումներին միայն մի նպատակով, ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելելու ենք այս լսումներին, որպեսզի հասարակությանը ներկայացնենք մեր անմեղության բոլոր ապացույցները: Օր առաջ ինձ ազատությունից զրկել եք առանց վկայակոչելու որևէ փաստական հիմք, այս որոշման մեջ որևէ փաստական հիմք չկա, բացի Ձեր սուբյեկտիվ գործողությունից: Երկրորդը՝ Դուք էս որոշման մեջ վկայակոչել եք Քրեադատավարական օրենսգրքի 120 և 121-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ անձը չի կարող կալանքից ազատ արձակվելուց հետո կրկնակի կալանավորվի՝ առանց էական հանգամանքների առկայության: Այս որոշման մեջ ոչ մի էական հանգամանք վկայակոչված չէ, փոխարենը կան Ձեր սուբյեկտիվ դատողությունները», - ասաց Չալաբյանը:

Մնացական Մարտիրոսյանը, սակայն, թույլ չտվեց նրան ու փաստաբաններին քննարկել կալանքի որոշումը։ Պարզաբանեց, որ որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ ատյանում։

«Դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ հարցը քննարկվելիս, ստացել եք որոշում, կարող եք բողոքարկել», - ասաց դատավորը:

Այսօրվա նիստին փաստաբաններն առաջարկեցին ևս երկու վկայի հրավիրել, որոնք, նրանց պնդմամբ, հօգուտ Չալաբյանի կարևոր տեղեկություններ ունեն հայտնելու։ Փաստաբանների մատնանշած Արման Սահակյանն ու Էրիկ Հայրապետյանը ներկա են եղել Չալաբյանի ու այս գործով մյուս մեղադրյալ՝ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի զրույցին, ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Եթե մեղադրական եզրակացության համաձայն «Ռեհան» ռեստորանում է ձևակերպվել ենթադրյալ հանցավոր արարք հանդիսացող արարքը, ապա այդ մարդիկ ներկա լինելով այդ հանդիպմանը, կարող են հաստատել կամ հերքել: Դա, բնականաբար, անկյունաքարային նշանակություն ունի մեղադրական կամ արդարացման որոշում կայացնելու համար», - նշեց փաստաբանը:

Թեև դատախազ Արմեն Բեգլարյանն առարկեց այս երկու վկաների հարցաքննությանը, դատավորը, սակայն, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և առաջիկայում վկաները դատարան կհրավիրվեն։

Չալաբյանը կալանավորվեց մայիսին վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերի ակտիվ շրջանում, երբ հրապարակվեց մի ձայնագրություն, ըստ որի` Ագրարայինի դասախոս Էմմա Սարգսյանը կազմակերպել էր համալսարանի ուսխորհրդի նախագահի հանդիպումը Չալաբյանի հետ։ 5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցել ցույցերին։ Չնայած նրա ու փաստաբանների հերքումներին, գործը քննած Քննչական կոմիտեն հիմնավոր էր համարել ձեռք բերած ապացույցները, որ Չալաբյանը 2 միլիոն դրամ է առաջարկել՝ ուսանողներին ցույցերին բերելու համար։

XS
SM
MD
LG