Մատչելիության հղումներ

Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց. դատավորի որոշումը նա ապօրինի որակեց


Ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ ընդամենը մեկ շաբաթ մնաց։ Չնայած այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազն առաջարկեց որպես խափանման միջոց գրավն ընտրել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, մերժեց այդ առաջարկը և որոշեց երեք ամսով կալանավորել ընդդիմադիր գործչին:

Անցած շաբաթ, երբ մեկնարկեց Չալաբյանի գործի քննությունը, դատարանը հարավորություն չէր ունեցել քննարկել կալանքի հարցը, ինչի պատճառով էլ ընդդիմադիր գործիչն ազատ էր արձակվել Արմավիրի բանտից, որտեղ էր արդեն երկուսուկես ամիս։

Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի գործով մեղադրյալ 49-ամյա Չալաբյանն ու պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումն ապօրինի որակեցին։ Կալանքից ազատ արձակվելուց հետո մեղադրյալին չեն կարող կրկին կալանավորել, եթե չկան էական հիմքեր, ասաց Չալաբյանն ու կրկին պնդեց` իրեն անազատության մեջ պահում են հենց վարչապետ Փաշինյանի հրահանգով։ Դատավոր Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց, ինչից հետո Չալաբյանը հնարավորություն ունեցավ դուրս գալ դատարանի միջանցք։

«Ազատության» հետ հարցազրույցի պահին նա դեռ ազատության մեջ էր, հետո արդեն կալանավորվեց. «Նիկոլի Փաշինյանից ի՞նչ հրահանգ ունեն, նախ պետք է դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե երկրի վարչապետի պաշտոնում նստած մարդն ինչո՞ւ է ընկել կոնկրետ առանձին վերցրած քաղաքացու հետևից: Ես կարծում եմ` դա ունի առնվազն մի քանի պատճառ. մի պատճառն իմ գործունեությունն է Արցախի և մեր անվտանգային համակարգի հետ կապված, քանի որ այս իշխանությունը հակված է համատարած կապիտուլյացիայի, բոլոր հարցերում համատարած կապիտուլյացիայի, ցանկացած մարդ, որ իրենց խանգարում է, պետք է գտնվի կալանավայրում այդ ընթացքում: Դա պարզ տրամաբանություն է իրենց տեսանկյունից», - ասաց նա:

Չալաբյանն առաջին անգամը չէ, որ իր դեմ հարուցված քրեական գործը որակում է քաղաքական հետապնդում ու տալիս վարչապետ Փաշինյանի անունը։ Այսօր էլ նույնը պնդեց: Վարչապետի աշխատակազմը, մինչդեռ, չի մեկնաբանում նրա այս մեղադրանքները։

«Հենց հայտնվում է քաղաքական այլընտրանք, որը նախորդ իշխանության հետ ոչ մի կապ չունի, ոչ մի տրամաբանական կապ չունի, որովհետև նախորդ իշխանության ամբողջ ընթացքում` ես 21 տարի իմ գործունեությունը ծավալել եմ երկրից դուրս` սովորել եմ, հետո աշխատել եմ, ապա այդ մարդիկ միանգամից քանդում են իրենց այսպես ասած` իշխանության լինելու տրամաբանությունը:

Այնպես չէ, որ ես եմ ինձ համարում {այլընտրանք}, իրենք են ինձ համարում, և հենց այն պահին, երբ ես մտա քաղաքական դաշտ, ես հասկացա, որ ամենատրամաբանական գործողությունն այս իշխանությունների տեսանկյունից, լինելու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը, և դա չհապաղեց: Տառացիորեն մի ամիս պահանջվեց ընդամենը», - հայտարարեց նա:

Չալաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չցանկացավ խոսել հայտնի ձայնագրությունից ու առհասարակ իրավապահների մեղադրանքներից, ասաց միայն՝ դատարանում ամեն ինչ պարզ կդառանա։ Հարցին՝ ի՞նչ պայմաններ են ընդամենը 8 տարի առաջ կառուցված «Արմավիրի» բանտում, պատասխանեց. «Քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով մարդկանց համար չի, այնտեղ կարելի է, ենթադրենք, կարտոշկա պահել, կաղամբ, նույնիսկ խոզ պահել այնտեղ հնարավոր չէ, խոզն էլ կսատկի, որովհետև ջուր չկա, մարդիկ ստիպված են ծորակից խմել ոռոգման ջուր, որի մեջ հող է, որովհետև օդափոխության համակարգ չկա, ներսը 42 աստիճան շոգ է և այլն: Զարմանալի չէ, որ ցանկացած մարդ, որ այնտեղ հայտնվում է, իր առողջությունը քայքայվում է»:

Չալաբյանը կալանավորվեց մայիսին վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերի ակտիվ շրջանում, երբ հրապարակվեց մի ձայնագրություն, ըստ որի` Ագրարայինի դասախոսներից մեկը` այս գործով մեղադրյալ Էմմա Սարգսյանը, կազմակերպել էր համալսարանի ուսխորհրդի նախագահի հանդիպումը Չալաբյանի հետ։ 5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցել ցույցերին։ Չնայած նրա ու փաստաբանների հերքումներին, գործը քննած Քննչական կոմիտեն հիմնավոր էր համարել ձեռք բերած ապացույցները, որ Չալաբյանը 2 միլիոն դրամ է առաջարկել՝ ուսանողներին ցույցերին բերելու համար։

Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 5-ին։

XS
SM
MD
LG