Մատչելիության հղումներ

Աֆղանստանը՝ Քաբուլի անկումից մեկ տարի անց


Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, ամբողջ աշխարհը ցնցված հետևում էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին Քաբուլի օդանավակայանում սկսված քաոսին։

2021-ի օգոստոսին՝ քսանամյա դադարից հետո «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցչները վերստին իշխանության եկան ու գրավեցին Աֆղանստանի մայրաքաղաքը՝ իրենց հռչակելով «Աֆղանստանի իսլամական էմիրության» լեգիտիմ կառավարիչներ։

Մինչ թալիբներն ամեն օր մի քաղաք կամ շրջան էին գրավում՝ Աֆղանստանը լքած նախագահի կառավարությունը մի քանի շաբաթ կաթվածահար վիճակում էր, իսկ բանակը, ըստ էության, չէր դիմադրում:

Թալիբները Քաբուլը գրավեցին մի քանի օրում՝ մինչդեռ արևմտյան հետախուզական կառույցներն ու վերլուծաբանները կանխատեսում էին, որ դա կարող էր ամիսներ տևել:

Դրամատիկ այդ զարգացումներից մեկ տարի անց էլ ըննդիմախոսները քննադատում են Բայդենի վարչակազմին Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոտիկ դուրսբերման և դրա առաջացրած ծանր հետևանքների համար։

Ըստ վերլուծաբանների` երկու տասնամյակ կառուցվող անվտանգային, քաղաքական մի ամբողջ համակարգ թղթե տնակի նման փլուզվեց, ձախողվեցին արյունալի քսան տարիների ընթացքում ժողովրդավարություն կառուցելու փորձերը։ Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) վերջերս զեկույց էր հրապարակել թալիբների վերադարձից հետո երկրում սկսված իրավախախտումների` քաղաքացիական զոհերի, կանանց իրավունքների և խոսքի ազատության սահմանափակումների, արտադատական սպանությունների և ազգային փոքրամասնությունների հալածանքների մասին: Մինչ ընդդիմախոսները քննադատում են, Սպիտակ տունն այս շաբաթ Քաբուլի վերաբերյալ մեկ այլ հայտարարություն տարածեց, որի նպատակն է, վերլուծաբանների կարծիքով, ցույց տալ, որ անգամ հեռավորության վրա Նահանգները կարող է լուծել Աֆղանստանից եկող սպառնալիքները:

«Հայրենակիցներ՛, շաբաթ օրը, իմ վերահսկողությամբ, Միացյալ Նահանգները հաջողությամբ օդային հարված իրականացրեց Աֆղանստանում՝ Քաբուլում, որի արդյունքում սպանեց «Ալ-Ղաիդա»-ի էմիր Այման ալ-Զավահիրին: Նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, քաղաքացիական զոհեր չկան: Ես այժմ ամերիկացի ժողովրդին այս լուրը հայտնում եմ՝ հաստատելով մեր առաքելության բացարձակ հաջողությունը, որը հնարավոր դարձավ հակաահաբեկչական համայնքի՝ մեր հիմնական դաշնակիցների ու գործընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ», - հայտարարել էր ԱՄՆ նախագահը:

Սա անցած քսան տարում` «Ալ-Ղաիդա» առաջնորդ Ուսամա բին Լադենի սպանությունից ի վեր, ամերիկյան զինուժի կողմից ծայրահեղական խմբավորմանը հասցված ամենաուժգին հարվածն էր, և առաջինը` անցած օգոստոսից ի վեր, երբ ամերիկյան զորքերն ու դիվանագետները լքեցին երկիրը:

Եգիպտացի վիրաբույժ, 71-ամյա Այման ալ-Զավահիրին, որի համար Միացյալ Նահանգները 25 միլիոն դոլար էր խոստացել, «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդն էր` բին Լադենից հետո: Ըստ հետախուզության` հենց նա էր համակարգել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ու ամերիկյան զինուժի դեմ կատարված մի շարք արյունալի հարձակումներ:

«Սրանով մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք` կապ չունի, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, և որտեղ կթաքնվեք, մևնույնն է, եթե դուք սպառնում եք մեր ժողովրդին, Միացյալ Նահանգները կգտնի ձեզ»,- շեշտել էր Սպիտակ տան ղեկավարը:

XS
SM
MD
LG