Մատչելիության հղումներ

Պետք էր պետական մակարդակով հասարակության առաջ ներողություն խնդրել, պնդում է վրաերթից մահացած հղի կնոջ մայրը


Սոնա Մնացականյանի մայրը` Արմինե Մակինյան
Սոնա Մնացականյանի մայրը` Արմինե Մակինյան

Պետք էր պետական մակարդակով հասարակության առաջ ներողություն խնդրել, պնդում է վարչապետ Փաշինյանին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ մայրը՝ Արմինե Մակինյանը։ Թեև, ըստ կառավարության, վարչապետը ցավակցել և զրուցել էր աղջկա հոր հետ, սակայն ընտանիքը պնդում է՝ հայտարարությունը պիտի հրապարակային լիներ։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ եթե սովորական պատահար չէր, ապա պետական մակարդակով պետք էր ժողովրդից ներողություն խնդրել, որ նման բան է պատահել մեր հանրապետությունում։ Բացի ներողությունը նաև բացատրել, թե ինչի համար և ապահովել արդարադատություն. հասարակության արդար պահանջը պետք է լինի, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տնից դուրս գալիս իրեն ապահով զգա», - ասում է նա։

Սոնա Մնացականյանն ու նրա չծնված աղջիկը զոհվեցին մոտ երեք ամիս առաջ՝ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վրաերթից։

«Մեղավորությունը հետիոտնինն է», - վերջերս «Ազատության» հետ զրույցում ասել էր մեղադրյալի՝ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանը՝ հույս հայտնելով, որ գործը կկարճվի։

Սոնայի ընտանիքը համամիտ չէ և պատրաստվում է արդարադատության համար պայքարել մինչև վերջ։

«Կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում Սոնան պայքարող տեսակ էր, և ես կարծում եմ, որ մենք` որպես ծնողներ, պարտավոր ենք պայքարել», - ասում է նրա մայրը։

Սոնայի կիսատ մնացած գործն ու ծրագրերը շարունակելու համար ընկերներն ու հարազատները հիմնադրամ են ստեղծել։ Այսուհետև, ամեն տարի Հայաստանից ու Արցախից աղջիկներ ու կանայք կրթաթոշակ կստանան՝ գիտության, տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի ոլորտներում աշխատելու և սովորելու համար։ Ընթացիկ դրամահավաքի ֆոնդն այս պահին շուրջ 29.000 դոլար է։

Առաջին մրցանակները տրվեցին կանանց ներուժը նորարարության ոլորտում խրախուսող «Ֆեմիննո» միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Համաժողովի հիմնադիր Սեդա Պապոյանը շեշտում է` կրթաթոշակը Սոնայի անվամբ կոչելը այն քիչ բաներից էլ, ինչով կարողացավ մխիթարել ինքն իրեն ու հաշտվել Սոնայի կորստի հետ. «Տալով կրթաթոշակ իր անունը և իր գործը շարունակական դարձնել այլ՝ իր նման գուցե, կանանց ու աղջիկների միջոցով, ում ինքը անվերջ խրախուսում, անվերջ օգնում էր և շատ ուզում էր, որ շատ ուժեղ աղջիկներ ունենանք մեր շուրջը»

Համաժողովին ելույթ պիտի ունենար նաև Սոնան։ Նրա փոխարեն բեմում էին ամուսինն ու մայրը:

Կրթությունը Սոնայի համար ամենակարևոր ոլորտներից էր, պատմում է ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը. «Մարդն ապրում է այնքան երկար, ինչքան հիշում ես իրեն ու շարունակում իր գործը։ Սոնայի գործերը շատ-շատ էին։ Ամեն ինչ չենք կարող շարունակել, բայց այս մի քանի կարևոր կրթաթոշակները կամ որևէ ուրիշ ծրագրերը շատ կարևոր է, որ մենք, Սոնայի ընկերները և միգուցե ապագայում ընդհանուր հասարակությունը օգնի շարունակել»:

«Այս աղջիկներին կրթաթոշակ տալը ինչ-որ ձևով Սոնայի կյանքի շարունակությունն է, Սոնայի գործերի շարունակությունը», - ասում է մայրը. - «Կանաչ ճանապարհ՝ աղջիկներին։ Թող ոչ մեկին փորձանք չպատահի։ Բոլորը գնան իրենց երազանքների հետևից և գտնեն իրենց տեղը կյանքում»:

XS
SM
MD
LG