Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել մտնել Արցախ


Րաֆֆի Հովհաննիսյանը, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ թույլ չեն տվել մտնել Արցախ։ Ստեփանակերտ գնալու ճանապարհին ռուս խաղաղապահները, ըստ Հովհաննիսյանի, ինչ-որ փաստաթուղթ են ցույց տվել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարով և նրան Ղարաբաղ չթողնելու հանձնարարությամբ։

Հովհաննիսյանների ընտանիքը Արցախ էր մեկնում թոռնիկի կնունքին մասնակցելու։

«Փոքրաթիվ խմբով մեկնում էինք Ստեփանակերտ, պետք է Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում տեղի ունենար Րաֆֆի Հովհաննիսյանի թոռան՝ Կարին Հովհաննիսյանի տղայի կնունքը», - ասաց Հովհաննիսյանի օգնականի:

Րաֆֆի Հովհաննիսյանի օգնական Մամիկոն Սարգսյանը պատմում է, որ մոտավորապես ցերեկվա 2-ին արդեն անցակետում էին, որտեղ ռուս խաղաղապահները մանրակրկիտ ստուգել են Հովհաննիսյանների ԱՄՆ քաղաքացի հյուրերին, որոնք նախօրոք ստացել էին Արցախ մտնելու թույլտվություն, ապա միայն ժամեր անց՝ արդեն երեկոյան հայտնել են, որ ողջ խմբից չեն կարող թույլ տալ Ստեփանակերտ հասնել հենց Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ինչ-որ բան այն չէր, բայց քանի որ վիզան, ամեն ինչ նորմալ էր, պետք է ինչ-որ խնդրահարույց չլիներ, վերջում խաղաղապահներից մեկը մոտեցավ պարոն Հովհաննիսյանին՝ «կներեք, բայց ձեր մուտքն Արցախ արգելված է»: Ցույց տվեց իր հեռախոսով, որտեղ պարոն Հովհաննիսյանի նկարն էր, տակը գրված, որ «Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելված է», - ներկայացրեց Սարգսյանը:

Թե ում կողմից է եղել արգելքի հանձնարարությունը, հստակ չէ. ըստ Հովհաննիսյանի օգնականի, փաստաթղթի տակ որևէ կնիք կամ ստորագրություն չի եղել։ Մերժումը փոխանցվել է բանավոր, ըստ կուսակցության գրասենյակի, «ռուս զինվորականները որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել», բայց «հաստատել են, որ արգելքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Դեպքի ականատես Մամիկոն Սարգսյանը, սակայն, անձամբ չի լսել, որ խաղաղապահները ակնարկում են, որ պաշտոնական Երևանն է արգելել Հովհաննիսյանի մուտքը Արցախ. - «Ոչ, որևէ ակնարկ չեն արել, պարզապես իրենք խոսքի մեջ ասում էին, որ «մենք զինվոր ենք, մենք որևէ մեկնաբանություն չենք կարող տալ, դա ձեր իշխանությունների, թե իմ վերադասի հրահանգն է, և ես կատարում եմ այն», թե մնացածը ինչ, ոնց, զինվորները մեզ ոչինչ չասացին»:

Այդպես էլ Արցախ չմեկնած Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, համարում է, որ արգելքի հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները։ Այժմ Գորիսում գտնվող ընդդիմադիր գործիչը հայտարարություն է տարածել, պնդելով, այս ամենի հետևում «ձախողված առաջնորդն է, որը հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա՝ իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»։ Նաև նշում են, որ Արցախի իշխանությունները փորձել են հարթել իրավիճակը, բայց ապարդյուն։

«7-ից մինչև 11-ը մի քանի ժամ փորձում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջոցով հարցը կարգավորել, թե ինչում է խնդիրը, որևէ պատճառաբանություն չէին տալիս, այդպես մինչև 11-ը սպասելուց հետո տեսանք, որ այդ հարցը չի լուծվում, մեր խումբը մեկնեց Ստեփանակերտ, և պարոն Հովհաննիսյանը հետ վերադարձավ Գորիս», - պատմեց Մամիկոն Սարգսյանը:

Արցախի իշխանությունների բարձրաստիճան օղակների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակն ասաց՝ տեղի ունեցածը չեն մեկնաբանում։ Միջադեպի ականատես Մամիկոն Սարգսյանը, սակայն, պատմում է, որ Արցախի իշխանության ներկայացուցիչներն էլ էին զարմացած։

«Իրանք անակնկալի եկան, որ «ինչպես կարող է, հնարավոր չի, դա բացառվում է», ու անակնկալի գալով՝ «սպասեք, 10 րոպեից այդ հարցը կլուծվի, 20 րոպեից այդ հարցը կլուծվի», և այդպես դա տևեց ժամեր, մինչև 11-ը», - ասաց Հովհաննիսյանի Օգնականը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելել են ռուս խաղաղապահները, մնացածը պետք է ճշտել նրանցից»։ Խաղաղապահներն իրենք որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, ԱԱԾ խոսնակը բանավոր զրույցում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները կապ ունեն Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի հետ։ «Ազատությունը» գրավոր հարցմամբ է դիմել ԱԱԾ-ին, ինչպես նաև Արտգործնախարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG