Մատչելիության հղումներ

Հայաստանում տարածվում է քովիդի հերթական ալիքը


Մարիամ Համբարձումյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.

Մարիամ Համբարձումյանը 2020-ից հետո երկրորդ անգամ քովիդով վարակվել է վերջերս, տանն անցկացրել է մոտ տասն օր, վարակվել էին ամբողջ ընտանիքով ու նման ախտանշաններով՝ ջերմություն, մկանացավ, կոկորդի ցավ ու թուլություն։

«7-ից 10 օր տևեց ամենաշատը, երկրորդ դեպքս է: Այո, թեստ արել եմ և թեստի հիման վրա եմ հասկացել, որ քովիդ եմ տանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարիամը:

Վերջին անգամ պատվաստվել էր ավելի քան կես տարի առաջ, ասում է՝ գրեթե մոռացել էր, որ քովիդը դեռ գոյություն ունի. - «Իմ մոտ մրսածության սիմպտոմներ հայտնվեցին, ինձ թվաց, որ կոնդիցիոներների սեզոն է, ինձ թվաց՝ մրսել եմ դրանից, և հանձնեցի, ու դրական եղավ արդյունքը»:

Մարիամ Համբարձումյանն ու իր ընտանիքի անդամները քովիդը հաղթահարել են առանց բարդությունների, սակայն նշում է՝ սխալ կլինի, եթե ասի, թե շատ թեթև ընթացավ, ոտքի վրա էլ տարան։ «Երկու օրը բավական բարձր եմ ջերմել ու վատ ինքնազգացողություն եմ ունեցել, այսինքն՝ հազ եմ ունեցել, կոկորդի ցավ եմ ունեցել, հետո, երբ որ մկանային ցավեր ունեի, արդեն գիտեի, որ քովիդ եմ, նաև հասկացա, որ մկանային ցավերը ավելի շատ են, քան սովորական սեզոնային հիվանդությունների դեպքում: Եվ ես նաև ֆիթնեսով եմ զբաղվում, ու ինձ էապես դժվար էր, հետո, ասենք, էդ նույն ծանրության գանտելները, որ ես օգտագործում եմ, չէի կարողանում, ճիշտն ասած, օգտագործել, ինձ թվում էր՝ դա ես երբեք չեմ բարձրացրել», - պատմեց նա:

Մարիամ Համբարձումյանն ու հարյուրավոր այլ մարդիկ, որոնք վերջերս են հիվանդացել քովիդ, հավանաբար վարակված են օմիկրոն ենթատեսակով։ Սովորական թեստը չի պարզում հիվանդության ենթատեսակը, սակայն Հայաստանում այժմ տարածվող քովիդի հերթական ալիքը, ըստ ուսումնասիրությունների, օմիկրոնի ալիք է, իսկ ավելի կոնկրետ՝ BA.5 տարբերակի. սա պարզվել է հատուկ լաբորատոր քննությունների միջոցով։

«Նկատում եք, որ վերջին շաբաթներին մենք ամեն շաբաթ գրանցում ենք աճ քովիդով պայմանավորված, մենք մեր ծավալման պլանը հստակ ունենք՝ հիվանդանոցների մահճակալային ֆոնդի, և պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարությունը քովիդով վարակվածների մասին տվյալներ հիմա հրապարակում է շաբաթը մեկ անգամ, երկուշաբթի օրվա վիճակագրությամբ՝ վերջին մեկ շաբաթում գրանցվել է կովիդի մոտ հազար նոր դեպք, մահացել է 7 մարդ, դրական է եղել կատարված թեստերից գրեթե ամեն 6-րդը։

Ճամփորդությունների և այլ սահմանափակումներ Հայաստանում, այնուամենայնիվ, չեն սպասվում, հայտնեց նախարարը՝ չբացառելով, սակայն, անկանխատեսելի իրավիճակներ:

«Այո, տեսնում ենք, որ անգամ այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է այս պահին, բայց սահմանափակումների՝ ճամփորդությունների մասով, վերադարձ չկա, որովհետև մենք հասկանում ենք, որ բոլոր այդ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, և անընդհատ, էսպես, նույն շրջապտույտի մեջ դժվար է լինել: Բայց չեմ ուզում կանխատեսումներ անել», - հայտարարեց Ավանեսյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.

Հայաստանում այս պահին պատվաստված է չափահաս բնակչության մոտ 46 տոկոսը: Պատվաստումը չի կանխում նաև այս մարդկանց հնարավոր վարակվելը: Սակայն, ըստ նախարարի, պատվաստված մեծահասակները համեմատաբար թեթև են տանում վիրուսը:

«Էսպես, ուժերը կենտրոնացնում եք 65 տարին ավել քաղաքացիներին պատվաստելու և քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին, որովհետև նրանք են հենց ռիսկային խմբի ներկայացուցիչները», - նշեց նախարարը:

«Ասեմ, որ ներկայիս հիվանդացությունը և հոսպիտալացման նաև համամասնությունը թե՛ Հայաստանում և թե՛ այլ երկրներում ցույց է տալիս, որ պատվաստված քաղաքացիների մոտ հիվանդությունը ընթանում է անհամեմատ թեթև ընթացքով, ինչն էլ հենց նպատակն է պատվաստման», - ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

Այս պահին օմիկրոնի հերթական ալիքը թափով տարածվում է և՛ Հայաստանում, և՛ բազմաթիվ այլ տարածաշրջանի ու եվրոպական երկրներում, խիստ սահմանափակումներ առայժմ չկան։

XS
SM
MD
LG