Մատչելիության հղումներ

Թուրքիան Հունաստանի հարցով բողոքի նամակ կհղի ԵՄ ղեկավարությանը, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին


Թուրքիան պատրաստվում է պաշտոնական բողոքի նամակ հղել ընդդեմ Հունաստանի՝ հասցեագրված ԵՄ ղեկավարությանն, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այս մասին հայտարարեց նախօրեին՝ թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։

Աթենքին ուղղված թուրքական մեղադրանքների ցանկը բավական մեծ է՝ Հունաստանում բնակվող թուրքական փոքրամասնության իրավունքների խախտումներից և Միջերկրական ծովում գտնվող հունական կղզիների ռազմականացումից, մինչև ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցություն։

«Արյդո՞ք Ֆեթուլահ Գյուլենի աջակիցներ կան Հունաստանում, կան։ Կա՞ն արդյոք Քրդական բանվորական կուսակցության կողմնակիցներ, ևս առկա են։ Հունաստանում են գտնվում նաև ձախակողմյան «Ժողովրդա-ազատագրական հեղափոխական կուսակցություն» խմբավորման անդամները», -հայտարարում էր Չավուշօղլուն։

Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլեն
Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլեն

Թուրքական դիվանագիտության ղեկավարը պնդում է, որ Հունաստանի գործող կառավարությունն իր գլխավոր նպատակներից մեկը դարձրել է երրորդ երկրներում Թուրքիային վատաբանելը։

«Հունաստանի վարչապետ Միցոտակիսի մայիսյան այցը Վաշինգտոն միայն մեկ նպատակ ուներ՝ ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Թուրքիայի հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Հույներն, առանց ամաչելու, ստում և զրպարտում են։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանց քաղաքական գլխավոր նպատակներից մեկը Թուրքիայի դեմ հարձակումներ ձեռնարկելն է։ Դա արդեն մոլուցքի է նմանվում», - պնդում էր Թուրքիայի արտգործնախարարը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս

Անկարայի և Աթենքի հարաբերությունների հերթական սրման դրդապատճառը Հունաստանի հյուսիսում՝ Արևելյան Մակեդոնիա-Թրակիա նահանգում, գործող մի շարք թուրքական դպրոցների փակումն էր։ Կրթական այդ հաստատությունները գործում էին Լոզանի պայմանագրով՝ երկու երկրներում ապրող փոքրամասնությունների համար սահմանված կանոնների շրջանակներում։ Այժմ սակայն, թուրքական դպրոցների թիվը կրճատվում է, ինչին զուգահեռ, Անկարան պնդում է, որ այդպիսով Հունաստանը խախտում է Լոզանի պայմանագրի դրույթները։ Հունական կողմը, սակայն, այս մեղադրանքները կտրականապես հերքում է՝ դրանք կատարելապես անհիմն որակելով։

«Ցավոք սրտի, մեկ անգամ ևս, Անկարան գլխիվայր շուռ տվեց իրականությունը», - մեկնաբանելով Չավուշօղլույի հայտարարությունները՝ երեկ նշել է Հունաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոանուն։

Նրա խոսքով՝ Հունաստանի հյուսիսում գործող թուրքական մի շարք դպրոցների փակման որոշումը կայացվել է այն նույն օրենքների համապատասխան, որ վերաբերում են նաև հունական դպրոցներին։

«Երբ դպրոցում աշակերտների թիվը հատում է նվազագույն շեմը՝ 9 հոգին, այդ կրթօջախը փակվում է։ Այդ իսկ պատճառով գալիք կրթական տարում Արևելյան Մակեդոնիա-Թրակիա շրջանում իրենց գործունեությունն են դադարեցնելու փոքրամասնությունների լեզուներով դասավանդող 4 և հունական 29 դպրոց, ուստի որևէ խտրականության մասին խոսք չկա», - հայտարարում էր Հունաստանի արտգործնախարարության խոսնակը։

XS
SM
MD
LG