Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը


Լեռնային Ղարաբաղ - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցում են շփման գծի դիտարկմանը, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցում են շփման գծի դիտարկմանը, արխիվ

Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին երեկ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», - ասաց դեսպանը:

Անցած ամիս էլ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդն էր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել՝ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Վաշինգտոնը պատրաստ է ղարաբաղյան խնդրի շուրջ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կասկածի տակ էր դրել այս հարցում Վաշինգտոնի անկեղծությունը. - «Եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», - հայտարարել էր նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Միացյալ նահանգներին ու Ֆրանսիան են ուկրաինական պատերազմից հետո խզել կապերը ռուսաստանցի համանախագահի հետ։ Ռուսական կողմի այս հայտարարությունից մեկ ամիս անց՝ երեկ, Միացյալ Նահանգների դեսպանը վերստին պնդեց՝ սպասում են Ռուսաստանի վերադարձին:

«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», - ընդգծեց Լին Թրեյսին:

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծեց՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», - նշեց ԱՄՆ դեսպանը:

Նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցում, ըստ Պետդեպարտամենտի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել էր Վաշինգտոնի աջակցությունը՝ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի ապաշրջափակման հարցում։ «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչ աջակցություն է Վաշինգտոնը պատրաստ տրամադրել:

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր քննարկումներում հարցերից մի քանիսը վերաբերում են որոշակի տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությանը, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», - ասաց Լին Թրեյսին:

Խոսելով տարածաշրջանի մասին՝ դեսպան Թրեյսին մի քանի անգամ հիշատակեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը, ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջընթացը կարող է նպաստել հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը. - «Այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են, և երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»:

Նախօրեին խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել էր, թե այժմ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։

Դրանից մի քանի օր առաջ, միաժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը զգուշացրել էր՝ զերծ մնալ Հայաստանի հետ իր երկրի սահմանը փակելու փորձերից։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ սպառնացել, որ եթե Հայաստանը ինքնակամ չհամաձայնի «Զանգեզուրի միջանցք» բացել, Բաքուն դա կանի ուժի գործադրմամբ։ «Կա՞ նման վտանգ», - «Ազատություն»-ը հարցրեց Միացյալ Նահանգների դեսպանին, ով 44-օրյա պատերազմից հետո հատկապես հաճախ է այցելում Սյունիք։

«Սյունիքը մեծապես իր վրա է վերցրել պատերազմի բեռը և հետևանքները: Իհարկե, դա միակ վայրը չէ, որ իր վրա զգացել է պատերազմի հետևանքները, բայց իր աշխարհագրական դիրքի պատճառով Սյունիքը, անվտանգության տեսանկյունից, եղել է շատ խորը և տեղին մտահոգությունների կենտրոնում: Միաժամանակ, ելնելով իմ ուղևորություններից, ես տեսնում եմ դրական զարգացումներ, որոնք ինձ լավատեսության առիթ են տալիս Սյունիքի ապագայի վերաբերյալ», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ եթե, այդուամենայնիվ, Սյունիքի անվտանգության շուրջ մտահոգություններն իրականություն դառնան, ինչպիսի՞ն կարող է լինել Վաշինգտոնի արձագանքը, դեսպանն ասաց՝ ենթադրություններ չի ուզում անել։ Միաժամանակ ընդգծեց՝ Վաշինգտոնը հաստատակամ է շարունակել շփումները, որպեսզի խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով։

«Կարծում եմ` սա է պատճառը, որ մենք այդքան կենտրոնացած ենք դիվանագիտական ուղու վրա և պահպանում ենք ուղիղ շփումները` խրախուսելու առաջընթացը մի շարք ճակատներում՝ խաղաղ բանակցություններ, սահմանային հանձնաժողով, տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակում: Կարծում եմ, որ դա է
տարածաշրջանում բոլորի անվտանգությունն ապահովելու լավագույն երաշխիքներից մեկը», - հայտարարեց դեսպան Լին Թրեյսին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG