Մատչելիության հղումներ

Առավոտյան մետրոպոլիտենը փակ էր․ մեքենավարները գործադուլ էին հայտարարել՝ աշխատավարձի բարձրացման պահանջով


Այսօր առավոտյան հազարավոր երևանցիներ կանգնեցին փաստի առաջ․ մետրոպոլիտենի դռները փակ էին, ավելի քան 5 տասնյակ մեքենավարները ժամը 6-ից գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը։

Մետրոպոլիտենը, հայցելով ուղևորների ներողամտությունը, հայտարարեց՝ «տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ»։

Աշխատանքը վերականգնվեց ժամը 09։30-ին: Ժամեր շարունակ մետրոպոլիտենի ղեկավարները մեկնաբանություն չէին տալիս, ավելի ուշ կառույցի խոսնակ Տաթև Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, թե հաջողվել է մեքենավարների հետ նախնական համաձայնության գալ:

«09։30-ին բանակցությունները տվել են փոքրիկ արդյունքը, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է 09։30-ից։ Բանակցությունների արդյունքում մեքենավարների աշխատավարձի հարցը տնօրինությունը խոստացել է լուծել», - «Ազատությանը» փոխանցեց ընկերության խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Հարցին, թե ի՞նչ ժամկետներում մեքենավարների պահանջը կբավարարվի, Խաչատրյանը պատասխանեց՝ ժամկետ չի նշվել, «սակայն խոսատացել են օր առաջ հարցը փորձեն լուծել»։

Թե ինչ այլ պահանջներ էին ներկայացնում և որքան բարձրացում էին պահանջում գործադուլ հայտարարած աշխատակիցները, հնարավոր չեղավ պարզել, մեքենավարները հակված չէին լրագրողների հետ զրուցելու։ Մետրոպոլիտենի խոսնակն էլ հարցը չպարզաբանեց՝ պնդելով, թե աշխատավարձի ստույգ չափը նշել չի կարող, դա կախված է աշխատանքային հերթափոխից:

«Մեքենավարների աշխատավարձը հաստիքային աշխատավարձ է, որը համապատասխանում է հերթափոխով աշխատած ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, այդ իսկ պատճառով հստակ թիվ նշել չեմ կարող», - ընդգծեց Տաթև Խաչատրյանը:

Խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։ Արդյո՞ք վաղն էլ նույն պատկերը չի կրկնվի։ Քաղաքապետարանից վստահեցրին՝ գործադուլ իրականացրած մեքենավարներից երաշխիք են ստացել, որ այս քայլին չեն դիմելու։

Երևանի մետրոպոլիտենից օրական տասնյակ հազարավոր քաղաքացիներ են օգտվում, ուղևորների տարեկան թիվն էլ գերազանցում է 15 միլիոնը։ Այս գործադուլն, ըստ էության, գոնե վերջին տարիներին, եզակի դեպք էր։ Ավելի հաճախ գործադուլ են անում ու աշխատանքային պայմանների բարելավում պահանջում Երևանի ավտոբուսների վարորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG