Մատչելիության հղումներ

Ուկրաինական Մոշչունը՝ նոր, երազանքների գյուղ


Ուկրաինայի Մոշչուն գյուղը՝ փետրվարին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, մարտերի կիզակետում էր։ Հենց այնտեղ էր, որ ուկրաինական ուժերը կանխեցին ռուսական բանակի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Կիև, որը գյուղից ընդամենը 30 կիլոմետր է հեռու։ Գյուղի 85 տոկոսն ավերվել է, բայց բարեգործական նախաձեռնության շնորհիվ համայնքը վերակառուցվում է։

Մոշչունը Կիևին ամենամոտ գտնվող գյուղն է, ուր պատերազմի առաջին օրերին կարողացել էին ներթափանցել ռուսական ցամաքային ուժերը՝ մայրաքաղաք մտնելու ծրագրով։ Չնայած ուկրաինական զինուժին հաջողվեց կանգնեցնել ռուսների առաջխաղացումը դեպի Ուկրաինայի մայրաքաղաք՝ Մոշչունը մոտ մեկ շաբաթ մնացել էր ռուսական օկուպացիայի ներքո։ Նախքան հեռանալը՝ ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ այրել էին գյուղը։

Ռուսների նեխուժումից օրեր առաջ տարհանված բնակիչները կարողացան պահպանել իրենց կյանքը, բայց նրանց գյուղը վերածվեց մոխրի։ Այժմ տեղի ակտիվիստներն ու գործարարները բարեգործական ծրագիր են նախաձեռնել, որի նպատակն է վերականգնել Մոշչունը։ Աննա Կոլոսովսկայի ընտանիքը, ինչպես և հարյուրավոր մարդիկ այստեղ՝ Մոշչունում, կորցրել են ամեն ինչ։ Չնայած այն սարսափին, որի միջով անցել են, նրանք վճռական են՝ գյուղը կվերակառուցվի։

Կոլսովսկայայի երեք տարեկան թոռնուհի Իռան հիշում է հրթիռակոծությունը։ Տան ավերակների վրա խաղալիս՝ Իռան կրկնում է մոր խոսքերը. - «Ես չեմ վախենում»։

Նրանց հարևանուհին՝ Լյուբով Տոպոլը, կորցրել է ոչ միայն իր տունը, այլև միակ որդուն, որը Մոշչունի պահեստազորի տարածքային պաշտպանության ուժերի ղեկավարներից էր։

«Ես այլևս նույնը չեմ։ Նա աչքերիս առաջ է», - ասում է Մոշչունի բնակիչ Լյուբով Տոպոլը։

«Ուկրաինայի երազանք» բարեգործական նախաձեռնության շրջանակներում՝ Լյուբովն իր գյուղում ժամանակավոր մոդուլյար տուն ստացածներից առաջինն է։

Նախաձեռնության հիմնադիրներից Վիտալի Կաշչենկոն ասում է, որ առաջին քայլը՝ Մոշչունի բոլոր անտուն քաղաքացիներին մինչև սեպտեմբերի կեսերը ժամանակավոր կացարանով ապահովելն է: Կաշչենկոն նախատեսում է մինչև հաջորդ տարվա վերջ նոր, երազանքների գյուղ կառուցել։

«Ես ցանկանում եմ ավելի քան 300 տուն կառուցել, քանի որ մարդիկ կորցրել են ամեն ինչ: Առաջին փուլում պետք է մարդկանց ձմեռն անցկացնելու համար տեղ տրամադրենք։ Հաջորդը՝ պետք է արժանավայել կյանքի համար պայմաններ ստեղծենք ու նոր գյուղ կառուցենք նրանց համար։ Մեր նպատակն է վերակառուցել Մոշչունը, իսկ հետո՝ Ուկրաինան», - ասում է «Ուկրաինայի երազանք» բարեգործական նախաձեռնության հիմնադիրներից Վիտալի Կաշչենկոն։

Ծրագրի հետևում կանգնած «Ռոտարի» միջազգային կազմակերպության Կիևի ակումբը կոչ է անում միջազգային հանրությանը միանալ գյուղի վերակառուցման նախաձեռնությանը: «Մենք ամբողջ աշխարհից հավաքել ենք ավելի քան 15 միլիոն դոլար՝ Ուկրաինային օգնելու համար։ Հույս ունենք, որ վերակառուցումից հետո այն կկոչվի Ռոտարի գյուղ», - ասում է Կիևի «Ռոտարի ակումբի» ներկայացուցիչ Սերհի Զավադսկին։

Գյուղի վերակառուցման գործին լծված մարդիկ ասում են՝ մոշչունցիները տոկուն են, ռուսական բանակը այրելով նրանց տները՝ չկարողացավ խլել նրանց քաջությունը, միասնականությունը կամ սերը գյուղի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG