Մատչելիության հղումներ

Ռիչարդ Մուր. «Առաջիկա շաբաթներին ռուսներն արդեն մարդուժի խնդիր կունենան»


Ոչնչացված ռուսական զրահամեքենան, Խարկովի շրջան, 17 հուլիսի, 2022թ.
Ոչնչացված ռուսական զրահամեքենան, Խարկովի շրջան, 17 հուլիսի, 2022թ.

Ռուս-ուկրաինական պատերազմում երկու կողմերն էլ պնդում են հաջողություններ գրանցելու մասին: Ուկրաինացիները հետ են մղել ռուսների գրոհը Վուհլեգիրսկ ավանի էլեկտրակայանի վրա, ռուսներն էլ հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել Կրամատորսկին և Սևերսկին:

Կիևը հայտարարել է, որ առաջին անգամ այս պատերազմի ընթացքում «զգալի ներուժ» է կուտակել մարտադաշտում բանակն առաջ մղելու համար:

«Մենք մանրամասն վերլուծել ենք մեր հնարավորությունները, զինամթերքի պաշարը և ստորաբաժանումների վիճակը: Գլխավոր շտաբը հանգել է այն եզրակացության, որ մենք արդեն ունենք մարտի դաշտում մեր ուժերն առաջ մղելու և թշնամուն լուրջ կորուստներ պատճառելու բավական կարողություն», - ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Նրա խոսքով, ռուսներն Ուկրաինայում իրենց հսկողության տակ հայտնված տարածքներում «Ուրագան» և «Իսկանդեր» տեսակի հրթիռներ են տեղակայել:

«Ռուսների կողմից ամեն մի նոր հրթիռի արձակում կամ իրականացրած գրոհ ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Ուկրաինային անհրաժեշտ են HIMARS (High Mobility Artillery Rocket System) տեսակի համակարգեր»,- ասել է Զելենսկին:

Այդ համակարգերն, ըստ փորձագետների, ակնհայտորեն լուրջ փոփոխություն են մտցրել ռազմաճակատում, որակի առումով շատ արդյունավետ են, բայց քանակը բավարար չէ:

Ամերիկյան արտադրության այդ հրթիռային համակարգերի առաջին միավորները հուլիսի սկզբին են հասել Ուկրաինա և ռուսների համար պատուհաս են դարձել, բայց ռուսներն էլ պնդում են, որ կարողանում են դրանց դեմ պայքարել:

«Թշնամին զենքի մատակարարման առումով ծանր կորուստներ է կրում, հուլիսի 5-ից 20-ը HIMARS տեսակի չորս համակարգ և դրա տրանսպորտային մեկ միջոց է ոչնչացվել՝ օդային և ցամաքային տեղակայման գերճշգրիտ զենքով», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Իգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի համոզմամբ, ռուսների կարողություններն Ուկրաինայում աստիճանաբար սպառվում են:

Մուրը Միացյալ Նահանգներում մասնակցել է անվտանգության հարցերով Ասպենի համաժողովին, որտեղ ասել է, թե արդեն առաջիկա շաբաթներին ռուսների մոտ մարդուժի խնդիր կզգացվի:

Նրա խոսքով, «Ուկրաինայի օպերացիային մասնակցող ստորաբաժանումները մաշվում են ու բավական հոգնած են»:

Ռիչարդ Մուր
Ռիչարդ Մուր

Այսօր այդ պատերազմի 149-րդ օրն է, զոհվել է մոտ 15 հազար մարդ, իսկ գլխավոր խնդիրներից և ոչ մեկը գործնականում դեռ չի լուծվել:

Ըստ Մուրի, ռուսները, հավանաբար, մի քանի շաբաթով կդադարեցնեն Ուկրաինայում ակտիվ մարտական գործողությունները, բայց ուժերը համալրելուց հետո անպայման կշարունակեն «հատուկ ռազմական օպերացիան»:

«Նրանք վերջին շրջանում առանձնապես առաջ չեն շարժվել, մի քանի մղոն են գրավել, երբ նրանք որևէ ավան են վերցնում, այնտեղ բան չի մնում, ավանն արդեն ամբողջությամբ ոչնչացված է լինում», - ասել է բրիտանական հետախուզության ղեկավարը:

Նա նշել է, որ խորհրդային բանակը մեկ տասնամյակ տևած Աֆղանստանի պատերազմում մոտ 15 հազար զինծառայող է կորցրել:

«Եվ առնվազն այդքան զոհ հինգ ամսում: Սա ցավոտ հարված է կայծակնային հաղթանակ ակնկալած Պուտինի համար: Ուկրաինացիները նրա քիթը լավ ջարդել են: Ընդ որում՝ հիմնականում զոհվում են ոչ թե Պետերբուրգի կամ Մոսկվայի համեմատաբար բարեկեցիկ միջին դասի ընտանիքների երեխաներն, այլ սիբիրյան արդյունաբերական թշվառ ավաններից զորակոչվածները, և շատերն ազգային փոքրամասնություններից են: Նրանք Պուտինի համար թնդանոթի միս են»,- ասել է Մուրը:

«Վյորստկա». փետրվարից սկսած մոտ 1800 զինծառայող հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Վյորստկա» կայքը, հայտնում է, որ փետրվարից սկսած մոտ 1800 զինծառայող Ռուսաստանի 22 շրջաններից հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին:

Նրանցից առնվազն 234-ը Լուգանսկի ինքնահռչակ կազմավորման տարածքում՝ Բրյանկա ավանում են, պահվում են նկուղներում անտանելի պայմաններում:

Այդ զինծառայողներից փորձում են կորզել պատերազմի մեկնելու համաձայնություն: Նրանց հսկում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինվորները:

Այս երեքշաբթի հայտնի է դարձել, որ Բույնակսկում տեղակայված 136-րդ մոտոհրաձգային բրիգադի 300 զինծառայողներ պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց հրաժարվել են մարտական գործողություններին մասնակցելուց և ինքնակամ լքել են զորամասը:

«Ազատության» Настоящее Время նախագծի լրագրողները հայտնել են, որ շատերը հրաժարվում են ենթարկվել հրամանին, երբ պարզում են, որ պետք է Ուկրաինա մեկնեն: Այդ զինծառայողների նկատմամբ գործեր են հարուցվում:

XS
SM
MD
LG