Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին:
Բաղդադը մեղադրել է Անկարային հյուսիսային Իրաքի Դոհուկ նահանգում գտնվող լեռնային հանգստավայրին հարվածներ հասցնելու մեջ։ Հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 23 մարդ վիրավորվել է։
Իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հանգստավայրը գնդակոծվել է Թուրքիայի տարածքից։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին թվիթերում գրել է. - «Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»։
Տասնյակ իրաքցիներ հավաքվել են Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ բողոքելու հարձակման դեմ։
Պաշտոնական Անկարան հերքում է այդ մեղադրանքները։
Թուրքիան պարբերաբար օդային հարվածներ է հասցնում և հատուկ ջոկատայինների է օգտագործում Իրաքում և Սիրիայում քրդական զինված խմբավորումների դեմ, որոնք համարում է ահաբեկչական կազմակերպություններ։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը: «Քաղաքացիների սպանությունն անընդունելի է. Բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները՝ ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: