Մատչելիության հղումներ

Սևանը կրկին սկսել է կանաչել. կապտականաչ ջրիմուռները տարածվում են լճի տարբեր հատվածներում


Սևանը կրկին սկսել է կանաչել. կապտականաչ ջրիմուռները տապին զուգահեռ արագորեն տարածվում են լճի տարբեր հատվածներում, վերջին օրերին հատկապես մեծ Սևանում։

«Այս տարի մի փոքր ուշացած է ծաղկման երևույթը նկատվել, մենք հույս ունեինք, որ կարող ենք խուսափել այդ ոչ ցանկալի իրավիճակից», - ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Անցած տարի լիճը տեղ-տեղ էր ծաղկել, իսկ 2020-ին՝ գրեթե ամբողջությամբ ծածկվել կանաչով։ Տևական ժամանակ է՝ բնապահպաններն ահազանգում են՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը ճահճացման եզրին է։

«Լճի ճահճակալումը կհանգեցնի և՛ ձկնային պաշարների կրճատման, և՛ միկրոկլիմայի փոփոխության», - ասաց Էվելինա Ղուկասյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը կասկած չունի՝ Սևանա լճի կանաչմանն առաջին հերթին լիճ թափվող աղտոտված ջրերն են նպաստում, մինչդեռ դրանք պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեին։ Դա դեռ 2006-ի կառավարության որոշմամբ է սահմանվել:

«Մաքրման կայաններ մենք չունենք փաստորեն Սևանի ավազանում, այդ կառուցված երեք մաքրման կայաններն էլ իրականացնում են միայն մեխանիկական մաքրում, դա բավարար չէ», - նշեց Ղուկասյանը:

Կենսաբանական մաքրման կայանների կառուցումն ու շահագործումը ներառված է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման միջոցառումների տարեկան ծրագրերում, սակայն ոչ կառուցման հստակ վերջնաժամկետն է նշված, ոչ էլ քայլերի հաջորդականությունը։

«Գուցե ինչ-որ ծրագրեր անում են, բայց դրանք դեռևս բավարար չեն», - ընդգծեց Էվելինա Ղուկասյանը:

Կառավարությունն, ըստ մասնագետների, լճի էկոլոգիական վիճակը բարելավելու համար լուրջ քայլեր չի ձեռնարկում։ Իշխանափոխությունից հետո բնապահպանության փոխնախարար նշանակված, այնուհետ էլ հրաժարականի դիմում ներկայացրած Այսեր Ղազարյանը հայտարարում է՝ Սևանի ներկայիս վիճակը հանցավոր անգործության հետևանք է:

«Իշխանությունները որևէ բովանդակային գործողություն չեն իրականցնում, ավելին ասեմ՝ այն կարևոր գործընթացները, որոնք մեկ օր շուտ պետք է իրականացնել Սևանի առողջացման մասով, ուղղակի դրանց մասին կարելի է ասել «մոռացել են», - նշեց Այսեր Ղազարյանը:

Մինչդեռ խնդիրն, ըստ Ղազարյանի, վաղուց ախտորոշված է, արդեն պետք է հստակ գործողություններ իրականացվեին, այնինչ տեսանելի չէ, թե ինչ է արվում Հայաստանի քաղցրահամ հարստությունը փրկելու համար։

«Ըստ էության, մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ գլխավոր օրենքը, տվյալ դեպքում Սևանա լճի մասին օրենքի հիմնական դրույթները, չեն իրականցվում: Օրենքի պահանջները չեն կիրարկվում: Եթե կառավարման համակարգը, կոպիտ ասած, ադեկվատ լիներ և համապատասխան գործողություններ իրականացվեին օրենքի տիրույթում, ապա բավականին էս բացասական ներգործությունը Սևանա լճի վրա կնվազեցվեր», - ընդգծեց նա:

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ է հաստատում՝ Սևանա լիճը ինտենսիվ ծաղկման փուլում է: Գերատեսչությունը հայտարարում է, թե ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում, ձկնապաշարի համալրում, Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ, ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում։ Պատասխանատու կառույցը, սակայն, այս քայլերի կատարման հստակ ժամկետներ չի նշում։

XS
SM
MD
LG