Մատչելիության հղումներ

Սևանը կանաչել է հիմնականում լճի սառը շերտի վնասման պատճառով. շրջակա միջավայրի նախարար


Սևանա լիճը կապտականաչավուն գույն է ստացել, լիճը ծաղկել է, հուլիս, 2019թ.
Սևանա լիճը կապտականաչավուն գույն է ստացել, լիճը ծաղկել է, հուլիս, 2019թ.

Սևանի կանաչելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ լճում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ արտահերթ նիստի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Գործոնները մի քանիսն են։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, որը որ նաև վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես, օրինակ, Բայկալ լճում, Սև ծովում և այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը՝ կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում ձևավորվող հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից ամբողջ նյութերն աղտոտող, մյուս պատճառը՝ ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում», - ասաց Գրիգորյանը։

Վերջին շաբաթներին բնապահպաններն ահազանգում են ընդհուպ մինչև Սևանի ճահճացման մասին:

Նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։

Ըստ նախարարության հաղորդագրության, այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։

Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին:

Նախարարն Ազգային ժողովում էր նախագծերի փաթեթով, որը ենթադրում է ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ դեպքերում պատիժների խստացում։ Մասնավորապես, կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը նախատեսվում է 100 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG