Մատչելիության հղումներ

«Ոսկե և Արծաթե ծիրանները» բաժանված են. ավարտվեց «Ոսկե Ծիրան» 19-րդ կինոփառատոնը


«Ոսկե և Արծաթե ծիրանները» բաժանված են, հաղթողները հայտնի են, հյուրերը հավաքում են ճամպրուկները, հանդիսատեսն այսօր մի վերջին հնարավորությունն ունի դիտելու հաղթած ժապավենները։

Երեկ երեկոյան հանդիսավոր արարողությամբ փակվեց «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը։ Այս անգամ 2 մրցանակ մնաց Հայաստանում։

«Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցույթում «Արծաթե ծիրանին» արժանացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը։

Եղեռնից մի կերպ փրկված և Նյու Յորքում հայտնված 14-ամյա Ավրորան դեռատի տարիքում հոլիվուդյան աստղ է դառնում իր դաժան պատմության շնորհիվ։ «Ավրորայի լուսաբացը» ներկայացնելիս միջազգային ժյուրիի անդամներն ընդգծեցին՝ պատմությունը վերապրել հնարավոր է՝ վերաիմաստավորելով այն։

Ֆիլմի հեղինակ Իննա Սահակյանի խոսքը կարճ էր. - «Ես հույսով եմ, որ նմանատիպ պատմություններ պատմելու կարիք մի օր չենք ունենալու»

«Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցույթում «Ոսկե ծիրանը» ստացավ հավերժական սիրո մասին պատմող չինական «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։

Հայ ռեժիսոր Համբարձում Համբարձումյանը «Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ» ստացավ «Կորեական դելիկատես» կինոնկարի համար: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ իրանական «Ենթագումարներ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» հասավ վրացական «Մեռածները կհասկանան» ֆիլմին:

Այս անվանակարգում ժյուրիի անդամ, հայտնի գրող Նարինե Աբգարյանն «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ իրանական ֆիլմերը շատ ուժեղ էին՝ ցավով ընդգծեց՝ հայկականները իրենց անկեղծությամբ զիջում էին։

«Ինձ թվում է՝ մենք չենք կարողանում մեզ սրենք ու մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին մենք կանք: Մենք մեր երկիրն ուզում ենք ներկայացնենք այնպիսին, որ այն հաճո լինի արտասահմանցի նայողին: Ինձ թվում է, եթե մենք մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանեք, եթե մենք մեզ սիրենք, որովհետև մենք շատ լավ ժողովուրդ ենք, եթե մեզ ներկայացնենք, այնպիսին ինչպիսին կանք, այդ ֆիլմերը լինելու են շատ ուժեղ: Մենք շատ բան ունենք սովորելու Իրանի ռեժիսորներից, որովհետև նրանք իրենց հետ ինչ-որ նոր շունչ են բերել կինեմատոգրաֆիա, այն շունչը, որը երկար ժամանակ չկար», - նշեց Աբգարյանը:

Ու թերևս պատահական չէ, որ միանգամից երկու մրցանակի արժանացավ իրանական «Խնձորի օրը»։ Կինոքննադատների FIPRESCI անվանակարգում բոլոր ֆիլմերից առանձնացվել էր հենց այս ժապավենը, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում ևս իրանական խնձորների հեղինակին «Արծաթե ծիրան» բաժին հասավ։

Ֆիլմի պրոդյուսեր Էլահե Նոբախթը երջանիկ էր, ասաց՝ հայերն ու իրանցիները նման մշակույթներ ուներ։ Ֆիլմը աղքատ ընտանիքում ապրող երեխայի մասին է, երիտասարդ կինը այստեղ էլ նմանություն է գտնում՝ մենք երեխայակենտրոն ենք, սակայն շատ հաճախ անտեսում ենք հենց երեխաների ցանկությունները:

«Մենք մոռանում ենք ինչպես պետք է մտածենք մեր ապագայի, երկրի, մեր հասարակության մասին։ Այս ֆիլմը հենց այդ պայքարի մասին է, ինչպես են ընտանիքները հաղթահարում դժվարությունները, որպեսզի երջանկություն պարգևեն իրենց երեխաներին», - ասաց Էլահե Նոբախթը:

Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ ըմբոստ կանանց մասին պատմությունը. Ավստրիայում բնակվող իրաքցի ռեժիսորի «Արևը» ֆիլմ հիմքում մահմեդական աշխարհի կանայք են։

Քաղաքական ենթատեքստով ֆիլմերն այս տարի գերակշռում էին։ Ու թերևս պատահական չէր, որ «Ոսկե Ծիրանը» փակվեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությամբ՝ հիմնված արցախցի մի երիտասարդ կնոջ օրագրի վրա։ 44-օրյա պատերազմի ընթացքում գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանն ապաստարանում թաքնվելիս է սկսել գրել:

Փառատոնին շուրջ հարյուր ֆիլմ ցուցադրվեց: Հայաստան էին ժամանել 150 պատվավոր հյուրեր, Մոսկվա կինոթատրոնի մոտ բացվեց «Առաջին սիրո երգը», «Քաոս» ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր, սցենարիստ Լաերտ Վաղարշյանի աստղը։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը վստահ է՝ փառատոնը հաջողված է, եթե կինոդահլիճը լեփ-լեցուն է. - «Երկու տարի մենք փորձում էինք հենց դրան հասնել, որովհետև և՛ մարդկանց տրամադրությունը, և՛ սիրտ չկար կինո գնալու, հիմա կարծես թե դա ճեղքվել է, համենայն դեպս մեր աչքին այդպես է երևում և վստահ եմ, որ հետո թվերն էլ կամրապնդեն դա»:

Հաջորդ «Ոսկե Ծիրանը» հոբելյական է լինելու։ 20 տարի գոյություն ունեցող կինոփառատոնի հանդիսավոր մասը կապահովվի, վստահ են կազմակերպիչները՝ կարևոր մարտահրավեր է՝ փառատոնը համեմել հայկական ուժեղ կինոներով։

XS
SM
MD
LG