Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը բացվեց Մայքլ Գյուրջանի «Ամերիկացին» ֆիլմի պրեմիերայով


150-ից ավելի հյուրեր, շուրջ 100 ֆիլմ, որից միայն երկու տասնյակը հայկական արտադրության։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն այս տարի նորից փռեց կարմիր գորգը՝ տոն նվիրելով մայրաքաղաքին։

«Գրեթե բոլոր գործոնները և բաղադրիչները լավ փառատոնի առկա են, և մնում է վերջին տարրը, դա հանդիսատեսի մասնակցությունն է, շատ կարևոր և առանցքային էլեմենտը, որով կարող ենք մի շաբաթ հետո փաստել, որ փառատոնը իրոք հաջողված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Նա խոստանում է հագեցած ու հետաքիքր ծրագիր։ Յոթ օր շարունակ մի կինոթատրոնից մյուսը վազել է պետք, որպեսզի հասցնեք ծանոթանալ համաշխարահին մեծության աստղերի արվեստին։

Մայքլ Գյուրջյան
Մայքլ Գյուրջյան

Փառատոնը բացվեց «Էմմի» մրցանակիր, ամերիկահայ ռեժիոոր, դերասան, գրող Մայքլ Գյուրջանի «Ամերիկացին» ֆիլմով, որն առաջին անգամ ցուցադրվեց հենց Հայաստանում։

Անկախության շրջանից ի վեր սա, ի դեպ, եզակի անդրադարձ է ստալինյան ռեպրեսիայի շրջանին։ Ցեղասպանության վերապրած ԱՄՆ քաղաքացին 40-ականներին հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան ու միանգամից ազատազրկվում լրտեսության համար։

«Ազատության» հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Գյուրջյանը խոստավանեց, որ երկար է մտածել, թե ինչպես նկարի «ճիշտ ֆիլմ». - «Բայց ես պարտավոր էի»։

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում՝ հայ դերասանների մասնակցությամբ։ Ու սա, ըստ ամերիկահայ հայտնի արվեստագետի, միակը չի լինելու. հիմա նոր գաղափարի շուրջ է խորհում. - «Ես հույս ունեմ, որ կոգևորեմ Սփյուռքի հայությանը գալ և հենց Հայաստանում ֆիլմ նկարել։ Այստեղ մեծ տաղանդ կա և կարծում եմ, որ մենք արժանի ենք աշխարհի կինոյի բեմում մեր տեղն ունենալ: Հայաստանը ձեր հետևից է գալիս։ Արվեստով»։

Հայկական թեման կարմիր գծի նման կանցնի ամբողջ փառատոնի ընթացքում։ Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող հանրահայտ «Խոստումը» ֆիլմը դիտելու հնարավորության ևս կա՝ մրցութային ծրագրից դուրս։ Արդեն երրորդ անգամ Հայաստան այցելող ազգությամբ իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր Ջորջը նաև այս տարվա «Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի» ժյուրիի նախագահն է։

«Սա հիանալ փառատոն է։ Մեծ թվով ֆիլմեր են ներկայացված, այդ թվում իմ ֆիլմը։ Ես եկել եմ պարզապես հաճույք ստանալու, ընկերներիս տեսնելու», - ասաց նա։

Ի դեպ, կինոփառատոնի պատվավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակակիրներից մեկն էլ այս տարի հենց Թերրի Ջորջն էր։ Եվս մեկ թալեր հանձնվեց իսպանացի կինոռեժիսոր Ալբերտ Սեռային։

Մրցանակներ դեռ կբաժանվեն փառատոնի ավարտին՝ 4 անվանակարգերում՝ միջազգային մրցույթ, տարածաշրջանային համայնապատկեր, Կորիզ, ՖիՊրեսք։ Ժյուրիի կազմում հանրահայտ դեմքեր են։

Միրզա Դինայի
Միրզա Դինայի

Եզդիների իրավունքների պաշտպան և հասարակական գործիչ Միրզա Դինային, որ «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019 թվականի դափնեկիրն է, տարածաշրջանայաին համայնապատկերի ժյուրի անդամ է։ Ասում է, որ իր համար սա շատ դժվար է լինելու, ուշադրությունը կենտրոնացնելու է իրականությունից էկրան փոխանցված մարդկային խնդիրների վրա. - «Սա չի նշանակում, որ իմ կարծիքը կարող է ճիշտ լինել։ Այն ֆիլմերը, որ ես արդեն նայել եմ, գերազանց են, թեմաները, պատմությունները։ Եվ ես մի քիչ վախենում եմ, ինչպե՞ս եմ ընտրություն կատարելու»։

«Ծուռ ծիրան» ծրագրի շրջանակներումն այս տարի կցուցադրվի Միքայել Դովլաթյանի «Լաբրինթոս» ֆիլմը, որի պրոդյուսերը ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյան է։ Ֆիլմը նկարահանվել է առաջին արցախյան պատերազմի ընթացքում և պատմում է ներդաշնակությունը կորցրած, աշխարհում իրենց «ես»-ը որոնող և ոչ միշտ գտնող մարդկանց մասին։ Հայաստանյան պրեմիերան տեղի է ունենում ֆիլմի նկարահումից գրեթե 20 տարի անց։

«Կտեսնեք ինչ արձագանք է այդ ֆիլմը այսօր տալիս այդ ժամանակաշրջանի նկարահանումից հետո», - ասում է Ավետիքյանը։

Քեն Դավիթյան
Քեն Դավիթյան

Աղմկահարույց «Բորատ» ֆիլմով հայտնի դարձած ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը կարևորում է, որ Հայաստանում ստեղծվի ստուդիա, որը կօգնի հայ տաղանդավոր արտիստներին մեծ շուկա դուրս գալ։ Հայաստանում դերասանը սկսել է 16 էպիզոդից բաղկացած ֆիլմ նկարահանել՝ հայ դերասանների մասնակցությամբ։ Հիացած է նրանց տաղանդով, բայց հայերենի անցնելով ասում է՝ «ախր էս կինոն բախտի բան է»։

Մեկ շաբաթ կինո դիտելուց բացի, նաև զրույցներ, հանդիպումներ, վարպետության դասեր կլինեն։ Այսօրվանից սկսում է աշխատել տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար Gaiff Pro կինոարտադրության ոլորտի զարգացման հարթակը։

Եվս մեկ աստղ էլ կիջնի Ազնավուրի հրապարակում՝ «Առաջին սիրո երգը», «Քաոս» ֆիլմերի հեղինակ, ռեժսիրո, սցենարիստ Լաերտ Վաղարշյանի 100-ամյակի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG