Մատչելիության հղումներ

Զելենսկին պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին և Անվտանգության ծառայության ղեկավարին

Ուկրաինայի Անվտանգության ծառայության արդեն նախկին պետ Իվան Բականով, արխիվ
Ուկրաինայի Անվտանգության ծառայության արդեն նախկին պետ Իվան Բականով, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանգստյան օրերին աշխատանքից ազատել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և պաշտոնանկ արել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին։ Բականովը, մասնավորապես, պաշտոնանկ է արվել «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» համար։

Երեկվա ուղերձում մեկնաբանելով իր որոշումը՝ Զելենսկին հայտարարել է, որ աղմկահարույց պաշտոնակությունների պատճառը դատախազությունում, ուժային կառույցներում դավաճանության հոդվածով հարյուրավոր քրեական գործերն են և ռուսների գրաված տարածքներում այդ կառույցների աշխատակիցների համագործակցությունը օկուպանտների հետ։ Սրա համար պատասխան պետք է տան նախ և առաջ այդ կառույցների ղեկավարները, ընդգծել է նա:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դատախազության և դատարանի ավելի քան 60 աշխատակիցներ մնացել են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներում և աշխատում են Ուկրաինայի դեմ։

Վերլուծաբանները, ուկրաինական տարբեր աղբյուրներ երկար ժամանակ է գրում էին, թե Զելենսկու շրջապատում, կառավարական օղակներում կան մարդիկ, ովքեր համագործակցում են Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի հետ:

47-ամյա Իվան Բականովը Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար է դարձել 2019 թվականի օգոստոսին։ Մինչ այդ մեկուկես տարի նա ղեկավարել է Վլադիմիր Զելենսկու ստեղծած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը։ Նա նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի, ինչպես նաև Գերագույն հրամանատարի շտաբի անդամ է։

Ուկրաինայի արդեն նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովա, արխիվ
Ուկրաինայի արդեն նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովա, արխիվ

43-ամյա Իրինա Վենեդիկտովան գլխավոր դատախազությունը ղեկավարում է 2020 թվականի մարտից՝ նա Ուկրաինայի պատմության մեջ առաջին կինն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը։

Ե՛վ Բականովը, և՛ Վենեդիկտովան համարվում էին Ուկրաինայի նախագահի մերձավոր շրջապատից։ Բականովին ուկրաինական լրատվամիջոցներն ընդհանրապես անվանում են Զելենսկու «մանկության ընկերը»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG