Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում. ՊՆ


Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում, «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Կարսի մարզում՝ հայ-թուրքական սահմանի հարակից տարածքում, Թուրքիան սկսել է ականազերծում իրականացնել։ Ըստ տեղական «GazeteKars» պարբերականի՝ սա գործնական քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին, հայ և թուրք բանագնացների Վիեննայում տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնելու ուղիղ օդային բեռնափոխադրումներ։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ սպասում է այս պայմանավորվածությունների օր առաջ իրականացմանը։

Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը

Մինչ այդ բիզնեսում ներգրավված մարդիկ քննարկում են՝ ինչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը։

«Մեր բիզնեսին կարող է տալ էժան հումք, էժան նյութեր, էժան սարքավորումներ, դա օգտակար է Հայաստանի տնտեսության համար, բայց նաև կարող է տալ էժան, պատրաստի արտադրանք, էժան հրուշակեղեն, ինչ-որ մի բան կվնասի արդեն Հայաստանի արտադրությանը», - «Ազատությանն» ասաց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմանդիր Էմիլ Ստեփանյանը։

Եթե Թուրքիայի հետ նախ ստեղծվելու են տնտեսական կապեր, ապա Ստեփանյանը հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները զգոն կլինեն պաշտպանելու տեղական արտադրողների շահերը՝ իրականացնելով թիրախային հարկային ու մաքսային քաղաքականություն։

Թեև Թուրքիայի հետ չկան դիվանգիտական հարաբերություններ, այնուամենայնիվ Թուրքիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Փոխադարձ առևտուրը նորություն չէ, անցյալ տարի կազմել է 73,5 միլիոն դոլար, Վրաստանի տարածքով բեռնափոխադրումը ոչ առանձնապես թանկ է, ոչ էլ ժամանակատար։

«Այսպես թե այնպես 30 տարվա մեջ երրորդ երկրով մենք շփվել ենք, այսինքն՝ այստեղ մեզ մոտ նոր վտանգ չկա, մի բան չկա, որ չկար՝ հիմա լինելու է, միշտ էլ եղել է շփումը Հայաստանի և Թուրքիայի բիզնեսների միջև ուղղակի երրորդ երկրով։ Հիմա ավելի ճիշտ է, որ լինի ուղիղ իր բոլոր ռիսկերով և հնարավորություններով», - նշեց Էմիլ Ստեփանյանը։

Չնայած քաղաքական գործիչները խոսում են օդային բեռնափոխադրումների հեռանկարի մասին, այնուամենայնիվ օդային ճանապարհով բեռների փոխադրումը թանկ ծառայություն է, այս մասին գիտեն ոլորտում բոլորը։

«Ցամաքային ճանապարհը միշտ ավելի էժան է, քան օդայինը, և հնարավոր է, որ նույնիսկ ուղիղ օդային բեռնափոխադրման դեպքում միևնույնն է՝ գերադասեն ներմուծողները և արտահանողները ցամաքային ճանապարհը Վրաստանով, որովհետև նա ֆունդամենտալ երկար չէ և թանկ չէ, իսկ օդային բեռնափոխադրումը մի քանի անգամ ավելի թանկ է», - նշեց նա։

Բեռնափոխադրում իրականացրած ավիաընկերության հիմնադիր Հակոբ Ճաղարյանը նկատում է, որ հենց այս՝ ավելի թանկ և ոչ արդյունավետ լինելու պատճառով երբևէ առանձնապես պահանջարկ էլ չի եղել իրականացնել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրում, թեև այլ խոչընդոտ այս հարցում ևս եղել է։ Ճաղարյանը հիշում է, որ 90-ականներին Թուրքիան արգելեց Հայաստանից դեպի Թուրքիա, ինչպես նաև իր տարածքով տարանցիկ ավիափոխադրումները՝ փաստացի խախտելով ԻԿԱՕ-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած կանոնները։

«Հիմա Թուրքիան երբեք ոչ մեկին բացատրություն չի տվել, նա ուղղակի արգելել է դեպի Կիպրոս՝ Եվրամիության անդամ Կիպրոս և դեպի Հայաստան ոչ իր տարածքից, այլ նույնիսկ իր օդային տարածքի օգտագործմամբ բեռնատար թռիչքներ կատարել», - ասաց Ճաղարյանը։

Արդյոք հիմա ևս մինչև հուլիսի 1-ի պայմանավորվածությունների կատարումը Թուրքիան նորից արգելո՞ւմ է իր տարածքով օդային ուղիղ բեռնափոխադրումը, Քաղավիացիայի կոմիտեից հետաքրքրվեց «Ազատությունը»։ Հարցի պատասխանը կոմիտեն չունի, քանի որ փաստացի պարզապես չկա գործող ավիաբեռնափոխադրող ընկերություն, չկան նաև այնպիսիք, որոնք փորձել են կատարել նման թռիչքներ ու մերժում ստացել վերջին տարիներին։ Փոխարենը Հայաստանի ու Թուրքիայի միջև գրեթե միշտ եղել է ուղիղ ուղևորափոխադրում՝ Երևան -Ստամբուլ, Ստամբուլ-Երևան թռիչքներ հիմա էլ կան։ Այնուամենայնիվ, խնդիրներ վերջին տարիներին եղել են, թուրքական կողմը ժամանակ առ ժամանակ արգելել է իր տարածքով տարանցիկ չվերթները առանց պատճառաբանության՝ նորից խախտելով ԻԿԱՕ-ի կանոնները։

«Եթե խոսքը դրան է վերաբերում, ուրեմն այստեղ բացարձակ ոչ մի արտառոց բան չկա. նրանք ընդամենը սկսում են կատարել միջազգային կարգավորումները։ Եթե նոր որակի մասին է խոսքը, դա նշանակում է, որ նախատեսվում են Թուրքիայից դեպի Հայաստան բեռանատար օդային տեղափոխումները», - ասաց նա։

Հուլիսի 1-ին Երևանի ու Անկարայի բանագնացների միջև ձեռք բերված հաջորդ պայմանավորվածությունը 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին էր։ Թե ինչ աշխատանք է սկսել կատարել Հայաստանն այս ուղղությամբ, Տարածքային կառավարման նախարարությունից առայժմ չեն հայտնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG